«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը հրապարակել է Հայաստանի աուդիտորական շուկայի 2025 թվականի վերլուծությունը՝ ներկայացնելով ոլորտի հիմնական միտումները, շուկայի կառուցվածքը եւ առաջատար դերակատարների դիրքերը: Վերլուծությունն իրականացվել է՝ հիմնվելով աուդիտորական գործունեություն ծավալող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակված ֆինանսական հաշվետվությունների եւ աուդիտորական ծառայությունների հաճախորդների (աուդիտի ենթարկված կազմակերպություններ) ցանկերի, ինչպես նաեւ հասանելի այլ տվյալների հիման վրա։Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են մասնավորապես՝ հասույթների ցուցանիշները, շուկայի մասնաբաժինները, հաճախորդների թիվը:Ուսումնասիրության համաձայն՝ 2026 թվականի մայիսի դրությամբ Հայաստանի աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունի 33 կազմակերպություն։ Դրանցից 30-ը հրապարակել է ֆինանսական հաշվետվություններ, իսկ 29-ը՝ նաեւ աուդիտի ենթարկված կազմակերպությունների վերաբերյալ տվյալներ։2025 թվականի արդյունքներով ընկերությունների ընդհանուր հասույթը (աուդիտորական եւ այլ ծառայությունների հանրագումար) կազմել է շուրջ 16.2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով մոտ 18% աճ։ Վերլուծության տվյալներով՝ շուկայում ընդհանուր հասույթի ավելի քան 10% մասնաբաժին ունեցող կազմակերպություններն են՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը, «Էրնսթ ընդ Յանգ Արմենիա»-ն, «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ն եւ «Բի-Դի-Օ Արմենիա»-ն։Նշված կազմակերպությունները ձեւավորում են շուկայի զգալի մասը՝ առանձնանալով ինչպես հասույթի ծավալներով, այնպես էլ հաճախորդների քանակով եւ շարունակական համագործակցությունների մակարդակով։Ոլորտի զարգացմանը զուգահեռ շարունակում է աճել նաեւ այս կազմակերպությունների ներդրումը պետական բյուջեի ձեւավորման գործում։ Մասնավորապես, 2025 թվականի ընթացքում «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 1.1 միլիարդ ՀՀ դրամի հարկ։Ուսումնասիրությունը նաեւ արձանագրում է, որ աուդիտորական գործունեությանը զուգահեռ ոլորտում շարունակվում է հարակից մասնագիտական ծառայությունների զարգացումը։ Շատ կազմակերպություններ, օրենքով սահմանված շրջանակում, մատուցում են նաեւ հաշվապահական, հարկային, իրավաբանական եւ խորհրդատվական ծառայություններ։Ամբողջական վերլուծությունը հասանելի է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի պաշտոնական կայքում: Tweet Դիտում՝ 1046