Ակբա բանկը €100 միլիոն կուղղի Հայաստանում բիզնեսի զարգացմանը

07.05.2026 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #ՎԶԵԲ

Ակբա բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ նոր համագործակցությամբ €100 միլիոն կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը, ընդ որում՝ ֆինանսավորման €50 միլիոնի ռիսկը կկրի ՎԶԵԲ-ը։ 


Ակբա բանկից հայտնել են, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ EFSD+ ծրագրի շրջանակում:

Ծրագրի հիմնական առավելությունները՝

•    Ֆինանսավորման հեշտ հասանելիություն. տրամադրվող միջոցներով ՓՄՁ-ները հնարավորություն կստանան համալրել շրջանառու միջոցներն ու ընդլայնել բիզնեսը։
•    ԵՄ աջակցություն. ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (EFSD+ ծրագիր) ֆինանսական երաշխիքների ներքո։

Նոր համաձայնագիրը Լոնդոնում ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը եւ ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը: 

«Ակբա բանկը եւ ՎԶԵԲ-ը համագործակցության երկար տարիների փորձ ունեն, եւ փոխադարձ վստահությամբ զարգացնում ենք մեր գործընկերությունը։ Լոնդոնում ստորագրված համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար։ Ուրախ եմ, որ Ակբա բանկը Հայաստանում շարունակում է նպաստել ֆինանսավորման լուծումների զարգացմանը, որոնք ունեն իրական եւ տեսանելի ազդեցություն մեր տնտեսության վրա»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ուրախ ենք Ակբա բանկի հետ ստորագրել երաշխիքային այս նոր համաձայնագիրը՝ մեր հիմնական գործընկեր Եվրոպական միության աջակցությամբ: Մենք հավատարիմ ենք մնում մասնավոր բիզնեսի աճի եւ կայունության խթանմանը՝ բարելավելով փոքր եւ միջին ձեռնարկությունների հասանելիությունը ֆինանսներին, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման կարեւոր շարժիչ ուժն է: Նորարարական ֆինանսական գործիքների միջոցով մենք նպաստում ենք երկրի տնտեսական դիմակայունությանը եւ զարգացմանը: Ընկերությունների մրցունակության բարձրացումը եւ ֆինանսական հատվածի միջոցով ռիսկերի բաշխման գործիքների կիրառումը Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթություններից են»,- նշել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը։

Ակբա բանկը Հայաստանի տնտեսության առաջատար ֆինանսավորողներից մեկն է եւ երկրի գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորման առաջատարներից մեկը։ Բանկը անընդհատ ընդլայնում եւ զարգացնում է ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական կայունությանը եւ զարգացմանը։ Ակբա բանկը Հայաստանի առաջին լիզինգային ընկերության՝ Ակբա Լիզինգի հիմնադիրն ու 100% բաժնետերն է, ինչպես նաեւ Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը։ Ակբա բանկը գործում է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 66 մասնաճյուղ եւ ավելի քան 5000 բաժնետեր։

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, որն իրականացրել է շուրջ €3 միլիարդի ներդրում երկրի 243 ծրագրերում, ընդ որում՝ այդ ներդրումների մեծ մասն ուղղվել է մասնավոր հատվածին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1310

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW