Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական ուղերձը

06.05.2026 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Արմավիր Բիզնես Ֆորում

Արմավիր Բիզնես Ֆորումի շրջանակում տեղի է ունեցել բիզնեսի զարգացմանը նվիրված պանելային քննարկում, որի գլխավոր հովանավորն էր Ամիօ բանկը։ 


Բանկից հայտնել են, որ նախաձեռնության նպատակն էր մեկ հարթակում համախմբել բիզնեսի ներկայացուցիչներին եւ փորձագետներին՝ քննարկելու վաճառքի, մարքեթինգի, բրենդինգի, հաճախորդակենտրոնության եւ արհեստական բանականության դերը ժամանակակից բիզնեսի աճի գործում։ Պանելային քննարկումը վարել է Ամիօ բանկի մարքեթինգի, հաճախորդի փորձառության եւ հաղորդակցության ղեկավար Լիլիթ Մաթեւոսյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարեւոր հարցերի՝ վաճառքի եւ մարքեթինգի փոխկապակցվածությունից մինչեւ հաճախորդի փոփոխվող վարքագծին, բրենդինգի անհրաժեշտություն մարզային բիզնեսների համար եւ AI-ի գործնական կիրառություն։

Հիմնական եզրակացություններից մեկն այն էր, որ վաճառքն ու մարքեթինգը չեն կարող դիտարկվել որպես առանձին, իրարից անկախ գործառույթներ։ Ժամանակակից բիզնեսում մարքեթինգը ձեւավորում է խոստումը, իսկ վաճառքը այն վերածում է հաճախորդի իրական փորձառության։ Այդ կապի խզումը կարող է ազդել ինչպես վստահության, այնպես էլ բիզնեսի աճի վրա։

Քննարկման ընթացքում նշվել է, որ հաճախորդի վարքագիծը էապես փոխվել է։ Այսօր հաճախորդները դարձել են ավելի պահանջկոտ եւ տեղեկացված։ Նրանք բիզնեսներին համեմատում են ոչ միայն տվյալ ոլորտի մրցակիցների, այլեւ՝ տարբեր ոլորտներում առկա լավագույն փորձի հետ։ Միեւնույն ժամանակ, չնայած տեղեկացվածության աճին, հաճախորդների որոշումների կայացման մեջ էմոցիոնալ գործոնը շարունակում է կարեւոր դեր ունենալ։

Առանձին շեշտադրվել է բրենդինգի դերը փոքր եւ մարզային բիզնեսների զարգացման գործում։ Քննարկման մասնակիցները ընդգծել են, որ բրենդինգը շքեղություն չէ, այլ՝ անհրաժեշտություն։ Հստակ դիրքավորումը, վստահության ձեւավորումը եւ տարբերակումը կարող են դառնալ մարզային բիզնեսների մրցունակության եւ երկարաժամկետ աճի կարեւոր նախապայմաններ։

Արմավիրի բիզնեսների զարգացման տեսանկյունից առանձնացվել է երեք հիմնական ուղղություն՝ բրենդինգ, հաճախորդակենտրոնություն եւ նեթվորքինգ։ Ընդգծվել է, որ բիզնեսի կայուն աճի համար այլեւս բավարար չէ միայն որակյալ ապրանք կամ ծառայություն ունենալը․ կարեւոր է նաեւ հաճախորդին հասկանալը, շուկայի հետ ճիշտ հաղորդակցվելը եւ համագործակցային կապեր ստեղծելը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ արհեստական բանականության կիրառությանը բիզնեսում։ Նշվել է, որ AI-ը կարող է լինել արդյունավետ գործիք հատկապես այն դեպքերում, երբ ընկերությունն ունի տվյալների բազա, հստակ խնդիր եւ համակարգված գործընթացներ։ Միաժամանակ կարեւորվել է տվյալների պաշտպանության, ներքին գիտելիքի կառավարման եւ տեխնոլոգիաների պատասխանատու կիրառման անհրաժեշտությունը։

«Պանելային քննարկման հիմնական ուղերձն այն էր, որ ժամանակակից բիզնեսի աճը միայն վաճառքի ծավալների ավելացման մասին չէ։ Այն սկսվում է հաճախորդին խորությամբ հասկանալուց, վստահություն կառուցելուց, հստակ բրենդ ունենալուց եւ փոփոխվող միջավայրին արագ հարմարվելու կարողությունից։

Ամիօ բանկը կարեւորում է մարզային բիզնես միջավայրի զարգացումը եւ աջակցում է նման նախաձեռնություններին՝ նպաստելով գիտելիքի փոխանակմանը, նոր կապերի ձեւավորմանը եւ բիզնես մտածողության զարգացմանը մարզերում»,- ասվում է հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1262

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW