ԷՖԵՍ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին եռամսյակի ֆինանսական արդյունքները

30.04.2026 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԷՖԵՍ ԱՓԲԸ

2026 թվականը ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի համար մեկնարկել է շուկայի դիրքերի շարունակական ամրապնդման միտումով՝ պահպանելով իր դիրքը որպես Հայաստանում կամավոր ապահովագրության առաջատար՝ 35% մասնաբաժնով։ 


Ընկերությունը շարունակում է ներդնել ապահովագրության նոր առաջարկներ, գլխավորում է Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության համաապահովագրության ծրագիրը, ինչպես նաեւ ներկայացնում է թվային նոր լուծումներ՝ հաճախորդների փորձառության բարելավման համար։


Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ

2026թ․ առաջին եռամսյակի ցուցանիշներով Ընկերության ապահովագրավճարների պորտֆելը նախորդ տարվա համեմատ նվազել է 18%-ով՝ կազմելով 4․2 մլրդ դրամ։ Նվազման հիմնական պատճառը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում կնքված մեկանգամյա խոշոր կորպորատիվ գործարքն է։ 

Ընկերության մանրածախ ուղղությունը գրանցել է 33% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ ավելի քան 1.3 մլրդ դրամ, առողջության ապահովագրությունը՝ 1․7 մլրդ դրամ, եւ ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը՝ 521 մլն դրամ։ 

2026թ․ առաջին եռամսյակի արդյունքներով Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը կամավոր ապահովագրության շուկայում (35.1% մասնաբաժին): Ընդհանուր ապահովագրական շուկայում հավաքագրված ապահովագրավճարների ծավալով եւս Ընկերությունն առաջատար է՝ 20.01% մասնաբաժնով: Ընկերությունը շարունակում է չմասնակցել ԱՊՊԱ համակարգին։ 

Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 127․6 մլն դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ 16․8%: 

Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.72 եւ գտնվում է անվտանգ ու կայուն միջակայքում։ 

2026 թվականի առաջին եռամսյակը նշանավորվել է մի շարք նորարարություններով եւ մեծ նախագծերի մեկնարկներով, մասնավորապես՝

-    Ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության համաապահովագրության ծրագրի գլխավոր ապահովագրողը, համակարգում է վաճառքների, հատուցումների, հաճախորդների սպասարկման եւ մեթոդական ուղղությունները։

-    Ակբա բանկ ԲԲԸ-ի հետ համատեղ մեկնարկել է Հաշիվների ապահովագրության նորարար պրոդուկտը, որի շրջանակներում Բանկի հաճախորդները acba digital հավելվածով կարող են բաժանորդագրվել ԷՖԵՍ-ի Հաշիվների ապահովագրությանը եւ ապահովագրել իրենց հաշիվներն ու քարտերը զեղծարարություններից։

-    Ընկերությունը մշակել է մի շարք նոր առաջարկներ ֆիզիկական անձանց համար, այդ թվում՝ Առողջության համընդհանուր ապահովագրությանը համալրող փաթեթներ։

Շուկայում առաջատար ապահովագրական ուղղություններ

Ընկերությունը շուկայում առաջատար դիրք է գրավում ապահովագրության մի շարք տեսակների գծով։ Մասնավորապես, գույքի եւ պատասխանատվության ապահովագրության տեսակներով շուկայի գերակշիռ մասը (համապատասխանաբար՝ 47.3% եւ 38.0%) բաժին է ընկել ԷՖԵՍ-ին։ Ընկերությունը շուկայի նշանակալի մասնաբաժնի է տիրապետում նաեւ կամավոր առողջության եւ ճամփորդության ապահովագրության տեսակներով։


«2026 թվականի առաջին եռամսյակն ԷՖԵՍ ապահովագրական ընկերության համար նշանավորվեց նոր համագործակցություններով եւ թվային լուծումների ակտիվ զարգացմամբ։

Ակբա բանկի հետ մեկնարկեցինք հաշիվների ապահովագրության պրոդուկտը՝ հաճախորդներին առաջարկելով պաշտպանություն զեղծարարություններից։ Միաժամանակ համագործակցության հուշագիր կնքեցինք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ՝ նպաստելու ոլորտի զարգացմանը Հայաստանում։ Կարեւորելով տնտեսության ռազմավարական ոլորտները՝ վերսկսեցինք գյուղատնտեսության ապահովագրությունը:

Մենք նաեւ շարունակաբար զարգացնում ենք մեր թվային ծառայությունները․ ապահովագրության պայմանագրերն այժմ հասանելի են Apple Wallet եւ Google Wallet հավելվածներում՝ ապահովելով առավել հարմար եւ արագ հասանելիություն։

Այս բոլոր նախաձեռնությունները միավորված են մեկ գաղափարի շուրջ՝ ստեղծել ապահովագրական լուծումներ, որոնք հասանելի են, ժամանակակից եւ համապատասխանում են հաճախորդների իրական կարիքներին»,- ասել է «ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը:

ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրվելով 2023 թվականին՝ այն ներկայանում է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ եւ բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2025թ․-ին հավաքագրելով 13,3 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ Իր 220-ից ավելի փորձառու մասնագետով Ընկերությունը ծառայություն է մատուցում տարեկան մոտ 220,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ իր հաճախորդներին մատուցելով ժամանակակից եւ մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է․ «Մարդուն եւ հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական եւ ստեղծագործ կողմերի վրա»։
Դիտում՝ 2024

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW