Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ExIm տեղեկատվական հարթակի պաշտոնական մեկնարկը։ Հարթակը կյանքի է կոչվել Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով՝ համահունչ Առեւտրի դյուրացման համաձայնագրի պահանջներին։ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ հարթակի գործարկումը կարեւոր քայլ է թվային փոխակերպման եւ միջազգային համագործակցության զարգացման ճանապարհին։ Լուսանկարը՝ ՊԵԿ «Մեր տեսլականի հիմքում Հայաստանը որպես տարածաշրջանային եւ համաշխարհային տեխնոլոգիական ու լոգիստիկ հանգույց դիրքավորելու հավակնոտ նպատակն է։ Մենք ձգտում ենք կերտել մի համակարգ, որտեղ մաքսային եւ հարկային գործընթացների բեկումնային թվայնացումը եւ ինտեգրումը կվերացնեն արհեստական արգելքները՝ ապահովելով անհպում, թափանցիկ եւ կանխատեսելի միջավայր։ ExIm տեղեկատվական հարթակն այդ տեսլականի ու ընկալումների առարկայացումն է իրական աշխարհում եւ համահունչ է Առեւտրի դյուրացման համաձայնագրի (TFA) սկզբունքներին՝ վերացնելով տեղեկատվական պատնեշները»,-նշել է Էդուարդ Հակոբյանը։ ՊԵԿ ղեկավարը վստահեցրել է, որ շարունակվելու են ջանքերը մաքսային գործընկերությունը որակական նոր՝ տեխնոլոգիական բարձրագույն մակարդակի հասցնելու գործում․ «ExIm-ը մեծ ճանապարհի միայն սկիզբն է. այն անհրաժեշտ եւ առանցքային նախաքայլն է, որը մյուս բարեփոխումների հետ մեկտեղ հող է պատրաստում մաքսային վարչարարության մեջ արհեստական բանականության գործիքակազմի ներդրման համար»։ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի խոսքով՝ ExIm-ի հիմքում մաքսային մարմնի աշխատանքային փորձն է, եւ հարթակի ստեղծման գաղափարը ծնվել է հենց իրական խնդիրներից՝ մեկտեղելու տարբեր օղակներում կուտակված գիտելիքն ու փորձը․ «Մեր նպատակն էր ստեղծել մի միջավայր, որտեղ տվյալը կլինի հանրային, հասանելի եւ կիրառելի բոլորի համար։ Վստահ եմ՝ սա նոր մշակույթի սկիզբ է, որտեղ տեղեկատվությունը ոչ թե խոչընդոտ է, այլեւ հնարավորություն՝ ավելի դյուրացնելու արտաքին տնտեսական գործունեությունը»։ Լուսանկարը՝ ՊԵԿ ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը ներկայացրել է տեղեկատվական հարթակի գործառնական հնարավորություններն ու կիրառման մեխանիզմները՝ ընդգծելով հարթակի գործնական նշանակությունն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար։ ExIm տեղեկատվական հարթակի առանձնահատկություններըExIm-ը թվային լուծումներով ստեղծված միասնական տեղեկատվական հարթակ է, որը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար` արտահանման եւ ներմուծման գործընթացները դարձնելով առավել հարմարավետ, կանխատեսելի եւ արդյունավետ։ ExIm-ը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով՝ մեկ վայրում համախմբելով արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը։ Սա նշանակում է, որ բիզնեսը կարող է արտահանման, ներմուծման եւ տարանցման գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները համակարգված ստանալ հասկանալի ձեւաչափով՝ առանց տարբեր պետական մարմիններում եւ աղբյուրներում տեղեկատվություն որոնելու։ Հարթակը եռալեզու է։ Թվային հարթակ բոլորի համարExIm տեղեկատվական հարթակը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների համար՝ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսներ, մաքսային ներկայացուցիչներ եւ միջնորդներ, լոգիստիկ եւ բեռնափոխադրող կազմակերպություններ, ինչպես նաեւ սկսնակ ձեռնարկատերեր։ ExIm-ի հնարավորություններըՀարթակը հանդես է գալիս որպես միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ ներկայացված են արտահանման, ներմուծման եւ տարանցման գործընթացներին վերաբերող ամբողջական տվյալները, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի նկարագրություն, օրենսդրություն, անհրաժեշտ փաստաթղթերի, ժամկետների, հնարավոր սահմանափակումների, ինչպես նաեւ գործընթացում ներգրավված այլ մարմինների վերաբերյալ տեղեկատվություն։ Բացի այդ, օգտատերը կարող է նաեւ ծանոթանալ ապրանքի հայտարարագրման առանձնահատկություններին, սակագնային եւ ոչ սակագնային կարգավորումներին, անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերին, վճարների դրույքաչափերի եւ վճարման եղանակներին, գանձապետական հաշիվներին եւ այլ կարգավորումներին։ ԱՏԳ մասնակիցները կարող են նաեւ ExIm հարթակում հետեւել գործընթացների հաջորդական քայլերին, օգտվել պարզեցված ուղեցույցներից եւ պարզաբանումներից, ինչը, միաժամանակ, կնվազեցնի սխալվելու հավանականությունն ու ժամանակի կորուստը։ Հարթակից օգտվելը՝ պարզ եւ արագ Հարթակից օգտվելը բավականին հեշտ եւ հարմար է․ տեղեկատվությունը դասակարգված է ըստ գործընթացների եւ ունի փնտրման ճկուն մեխանիզմ։ Օգտատերը կարող է առանց գրանցման մուտք գործել հարթակ, ընտրել համապատասխան ուղղությունը, օրինակ՝ արտահանում, ներմուծում կամ տարանցում, ապա մուտքագրում է հետաքրքրող ապրանքի անվանումը կամ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ Այնուհետեւ անհրաժեշտ է ընտրել տեղեկատվության ստացման նպատակը եւ համապատասխան երկիրը, որից հետո համակարգն ինքնաշխատ տրամադրում է տվյալ գործարքին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը։ Բացի այդ, հարթակում ներդրված հաշվիչների միջոցով հնարավոր է հաշվարկել ներմուծման դեպքում պահանջվող վճարները եւ ստանալ համապատասխան տեղեկատվությունը՝ նախապես գնահատելով հնարավոր ծախսերը։ Օրինակ, քաղաքացին կարող է մինչ անձնական օգտագործման ապրանք կամ ավտոմեքենա ներմուծելը, հենց հարթակում նախապես հաշվարկել մաքսազերծման ծախսերը եւ պլանավորել իր գնումը։ ԱՏԳ մասնակիցները նաեւ համապարփակ տեղեկատվություն կարող են ստանալ բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ։Այսպիսով, գործելով «մեկ պատուհան» սկզբունքով, ExIm-ը բիզնեսին հնարավորություն կտա նախապես գնահատել եւ պատկերացնել մաքսային գործընթացների ամբողջ շղթան, նվազեցնել սխալվելու հավանականությունը, ֆինանսական ռիսկերը, ժամանակի կորուստը, ինչպես նաեւ ավելի արդյունավետ պլանավորել ու կազմակերպել արտաքին տնտեսական գործունեությունը՝ նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը։ Tweet Դիտում՝ 2083