ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում. 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 նախագիծ

18.04.2026 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Տարիներ առաջ, երբ ԱրարատԲանկը միացավ հայրենիքի պաշտպանների՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթության ապահովման նախաձեռնությանը, դժվար էր կանխատեսել, որ «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ ձևավորվող համագործակցությունը կվերածվի ռազմավարական գործընկերության` ուղղված 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից զինծառայողների կրթության շարունակական ապահովմանը։


Այսօր հիմնադրամի շահառուները ոչ միայն վերագտել են կյանքի իրենց ուղին, այլև ակտիվորեն ներգրավված են հասարակական և մասնագիտական տարբեր ոլորտներում՝ իրենց գիտելիքն ու կարողությունները ծառայեցնելով մեր երկրի զարգացմանը։

Համագործակցության մեկնարկից ի վեր ԱրարատԲանկի կողմից իրականացված ֆինանսական աջակցությունը կազմել է շուրջ 40 մլն  ՀՀ դրամ։ 

Սակայն թվերի ետևում իրական պատմություններ են՝ վերականգնված ճակատագրեր, ոտքի կանգնեցնող բարեգործական նախաձեռնություններ ու ծրագրեր, որոնց շարքում են «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, «Սիմֆոնիկ Մանսուրյան», «Aznavour 100», «Պատմություն և ջազ» բարեգործական համերգները, բարեգործական վերելքներ դեպի Արագած և Աղավնո լեռ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարերը, «Կանայք հանուն կրթության» բարեգործական նախաճաշերը։  

Գործունեության 5 տարվա ընթացքում հիմնադրամն ունեցել է 172 շահառու եւ ավելի քան 100 նախագիծ։ 

ԱրարատԲանկի ու «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցությունը վստահաբար ծառայել է նպատակին և իրականացրել հիմնադրամի առաքելությունը, այն է՝ կրթության միջոցով փոխել պատերազմի մասնակից տղաների կյանքի որակը։ 

Ամփոփիչ միջոցառման արդյունքում հավաքագրված 12,500,000 ՀՀ դրամը ուղղվել է 2025-2026թթ․ ուստարվա երկրորդ կիսամյակի կրթավճարների տրամադրմանը։ 

«ԱրարատԲանկի հետ մեր բազմամյա համագործակցությունը վերածվել է իրական ռազմավարական գործընկերության՝ հիմնված վստահության, թափանցիկության, հետևողականության և ընդհանուր արժեքների վրա։ ԱրարատԲանկի շարունակական ներգրավվածությունը մեզ հնարավորություն է տվել կյանքի կոչել ոչ միայն կրթական, այլև հանրային ներգործություն ունեցող բազմաթիվ նախաձեռնություններ։  Մենք խորապես գնահատում ենք այդ վստահությունն ու միասնական տեսլականը, որը տարիների ընթացքում դարձել է կայուն փոփոխության հիմք», - նշել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։ 

«Անմնացորդ նվիրում գաղափարին՝ այսպես կբնութագրեմ ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև այս 5 տարվա ռազմավարական համագործակցությունը։ Ամփոփիչ համերգն ինքնին դարձավ ամենախոսուն ապացույցը. բեմում կանգնած տղաները ցույց տվեցին, որ իրենցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է անկրկնելի լույս ու ներուժ, որն արժե տեսնել, գնահատել և սատարել։ Հինգ տարիների ընթացքում իրականացված ծրագրերը, թերևս, ամենից առաջ ծառայեցին մեկ նպատակի՝ կրթության միջոցով օգնել շահառուներին հավատալ և վերագտնել առաջ շարժվելու ուժը», - նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
Դիտում՝ 4090

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW