Երևան /Մեդիամաքս/. Որոշ պաշտոնյաներ ու գերատեսչություններ շահագրգռված չեն բիզնես վարելու ընթացակարգերի պարզեցմամբ` չցանկանալով կորցնել ազդեցության լծակներն, այսօր ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վարչապետն այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի կողմից գերատեսչության 2009թ. գործունեության մասին հաշվետվության ներկայացման ընթացքում: Խոսելով Հայաստանում բիզնես վարելու ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին` Տիգրան Դավթյանն ասել է, որ “լինելով այդ միջոցառումների իրականացման համակարգողը` մեր գերատեսչությունը հաճախ է բախվում որոշ նախարարություների եւ գերատեսչությունների դիմադրությանը, որոնք հայտարարում են, թե պարզեցումներն արդեն սպառել են իրենց եւ նորերի կարիքը չկա”: “Բազմաթիվ գերատեսչություններ եւ պաշտոնյաներ շահագրգռված չեն ընթացակարգերի պարզեցման մեջ, քանի որ կարող են կորցնել ազդեցության լծակները”,- ասել է վարչապետը` հավելելով, որ “գիտակցելով այդպիսի ճնշման առկայությունը` մենք առավել եւս պետք է կատարենք բոլոր անհրաժեշտ փոփոխությունները բիզնես վարելու պարզեցման ուղղությամբ”: Դժգոհություն հայտնելով այն հանգամանքից, որ բիզնես վարելու պարզեցմանն ուղղված միջոցառումների քննարկումներն շարունակվում են արդեն 2 տարի, եւ դեռեւս ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել, վարչապետը ֆինանսների նախարարին հանձնարարել է այդ հարցի շուտափույթ լուծումը անձնական հսկողության տակ առնել: Բացի այդ, Տիգրան Սարգսյանը դժգոհություն է հայտնել մաքսային վարչարարության ոլորտում բարեփոխումների ուշացման կապակցությամբ, որոնք, մասնավորապես, վերաբերում են մաքսակետերում պահանջվող փաստաթղթերի եւ ընթացակարգերի թվի կրճատմանը: “Եթե նախարարությունների եւ գերատեսչությունների դիմադրությունը շարունակվի, ՀՀ Տնտեսական գերագույն խորհրդի նիստ կհրավիրվի”,- եզրափակել է վարչապետը: Tweet Դիտում՝ 12378