Երեւանում ապրիլի 8-ին արդեն չորրորդ տարին անընդմեջ կկայանա թվային տնտեսության ու ֆինանսական տեխնոլոգիաների թիվ մեկ միջոցառումը՝ Doing Digital Forum-ը (DDF)։ Այն կհամախմբի ոլորտի տեղական ու միջազգային առաջատար փորձագետներին, բիզնեսի ներկայացուցիչներին եւ պետական հատվածի պատասխանատուներին՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո։DDF26-ի հատուկ հյուրը Ant International-ի ավագ փոխնախագահ ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրեն Լեյմինգ Չենն է: Հիմնական խոսնակներն են Amazon Web Services (AWS) Եվրոպայի արհեստական բանականության ղեկավար Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրք Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի եւ հարավարեւելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին եւ այլոք։ «Այսօր թվային տնտեսությունը ձեւավորվում է ոչ թե առանձին տեխնոլոգիական լուծումների, այլ՝ փոխկապակցված էկոհամակարգերի եւ պլատֆորմների միջոցով։ Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում ձեւավորվում են նոր տնտեսական կապեր եւ համագործակցության ուղիներ։ Այս տարվա օրակարգում մենք նպատակ ունենք ներկայացնել այն հնարավորությունները, որոնք առաջանում են տարբեր տնտեսական հարթակների միջեւ կապերի ձեւավորման արդյունքում։ Doing Digital Forum-ը Հայաստանը կապում է համաշխարհային տեխնոլոգիական օրակարգին եւ դիրքավորում որպես համագործակցության կարեւոր կամուրջ տարածաշրջանի եւ աշխարհի տարբեր տնտեսությունների միջեւ»,- նշել է DDF-ի հիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը։Ֆորումի քննարկումների առանցքում չորս ռազմավարական ուղղություն է՝ ԱԲ ագենտների եւ մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցությունը, ֆինանսական կապիտալի եւ տեխնոլոգիական հարթակների արդյունավետ փոխկապակցումը, նորարարությունների թռիչքաձեւ աճն ու կարգավորող դաշտի զարգացումը, գլոբալ շուկաների միջեւ կապերի ամրապնդումն ու տարածաշրջանային տնտեսությունների ինտեգրումը համաշխարհային համակարգին։Այս տարի եւս ֆորումը կունենա խոսնակների լայն ներկայացվածություն․ նրանց թվում են Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական եւ վերահսկողական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Վառլամ Էբանոիձեն, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, imID-ի գործադիր տնօրեն Կարեն Մկոյանը, Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA)՝ Փոխգործելիության եւ տվյալների կառավարման ղեկավար Լաուրա Այդինյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Թվային փոխակերպման փոխնախագահ Սադիկ Ազիմովը եւ այլոք։ Doing Digital Forum-ը յուրաքանչյուր տարի իր օրակարգում ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի ամենակարեւոր տեխնոլոգիական զարգացումները, նորարարություններն ու տնտեսական միտումները՝ ներկայացնելով դրանք իր լսարանին եւ ձեւավորելով ապագային միտված քննարկումների միջավայր։ 2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի եւ 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Tweet Դիտում՝ 662