Երևան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարսգսյանը հայտարարել է, որ “միայն տարածաշրջանային համագործակցությունն ու երկխոսությունը կարող են հանգեցնել մեր ընդհանուր տեսլականի իրագործմանը` խաղաղ եւ կայուն տարածաշրջանի ամրապնդմանը”:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը Մյունխենից, ՀՀ նախագահն այդ մասին ասել է փետրվարի 7-ին` անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենյան կոնֆերանսի "Անկայունության կառավարում. Անրդկովկասյան տարածաշրջանը եւ Արեւելյան Բալկանները" նստաշրջանում իր ելույթի ընթացքում: ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը, համագործակությունը եւ կայունությունը “հնարավոր կդառնան, եթե Հարավային Կովկասում ոչ թե հակադրվեն, այլ համադրվեն այն բոլոր պետությունների ու կազմակերպությունների շահերը, որոնք տարածաշրջանում ունեն հստակ ու որոշակի դերակատարություն”: Սերժ Սարգսյանի խոսքերով, տարածաշրջանում “պետությունների միջազգայնորեն ճանաչված քաղաքական քարտեզը տարբերվում է իրականությունից, որտեղ կայունությունը չափազանց խոցելի է, իսկ խաղաղության վերահաստատումը պահանջում է համատեղ ու նպատակաուղղված հսկայական ջանքեր”:ՀՀ նախագահը նշել է նաեւ երեք դասեր, որոնք տարածաշրջանի երկրները եւ արտաքին դերակատարները պետք է քաղեն անցած տարվա Հարավային Օսիայի օգոստոսյան դասերից: Առաջին դասն, ըստ Սերժ Սարգսյանի, այն է, որ “յուրաքանչյուր անզգույշ խոսքը, յուրաքանչյուր չհաշվարկված քայլը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, եւ որ սպառազինությունների մրցավազքը, ռազմական բյուջեի շեշտակի ավելացումը, ռազմատենչ հայտարարությունները շիկացնում են մթնոլորտը”: Երկրորդ դասն այն է, որ պետք է հիշել, որ “սառը պատերազմն” ավարտվել է, ու չպետք է կենսունակ լինեն այդ մեծ հակամարտության քաղաքական տրամաբանությունն ու գործելաոճը, ասել է ՀՀ նախագահը: Ինչ վերաբերում է երրորդ դասին, ապա, ինչպես շեշտել է Սերժ Սարգսյանը, այն տարածաշրջանում տարանցիկ այլընտրանքային ուղիների զարգացման կարեւորությունն է: ՀՀ նախագահը նկատել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրա դասերը “կստիպեն անցնելու տարածաշրջանի էներգետիկ եւ տրանսպորտային զարգացման առավել արդյունավետ մոդելների”:“Կար ժամանակ, երբ ռեսուրսային գների ակնառու բարձր մակարդակն անցյալում թույլ էր տալիս առանձին դեպքերում գնալ տնտեսապես ակնհայտորեն ոչ օպտիմալ լուծումների` մոռանալով, որ երկու կետերի միջեւ ամենակարճ հեռավորությունն այնուամենայնիվ ուղիղ գիծն է”,- աել է Սերժ Սարգսյանը` կարծիք հայտնելով, որ ճգնաժամի պայմաններում “շատ ավելի քիչ հավանական կլինի իռացիոնալ տարածաշրջանային նախագծերի մշակումը”:“Անցել են “քաղաքական երկաթգծերի, ճանապարհների եւ խողովակաշարերի” ժամանակները: Պետք է ընդունել մի պարզ իրողություն. հնարավոր չէ խոսել Հարավային Կովկասում կայունության մասին, եթե տարածաշրջանում շարունակվի իրար մեկուսացնելու ու տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելու քաղաքականությունը”,- ասել է ՀՀ նախագահը: Tweet Դիտում՝ 9202