Անի Մավյանը՝ «Ռենշինի» մոդելի մասին. Քաղաքաշինություն, վստահելիություն, կապիտալի շուկա

05.03.2026 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
Նախորդ ամիս «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարեց կապիտալի շուկա մուտք գործելու մասին՝ թողարկելով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ 

Banks.am-ի հետ զրույցում ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը նշում է, որ ֆինանսական եւ բիզնես աշխարհում պարտատոմսերի թողարկումը շատ ավելին է, քան պարզապես այլընտրանքային ֆինանսավորման գործիքի կիրառումը: 

Գլոբալ ստանդարտներ եւ գիտելիքի փոխանցում

«Մեր նախագծերը պարզապես շենքեր կամ համալիրներ չեն, դրանք կենսակերպ թելադրող եւ տենդենցներ փոխող նորարարական միջավայրեր են», - ասում է Անի Մավյանը։

Խոսելով ընկերության ռազմավարության մասին՝ նա ընդգծում է այն բացառիկ համագործակցությունները, որոնք «Ռենշինը» կառուցել է համաշխարհային հեղինակավոր ընկերությունների հետ. «Artlife Kempinski Residences Yerevan-ը, Հայաստանում առաջին երկնաքերերով Skyline թաղամասը եւ World Trade Center Yerevan (WTCY) խոշորագույն նախագիծը վկայում են միջազգային լիդերների՝ ընկերության հանդեպ ունեցած անվերապահ վստահության մասին։

Մենք ներդնում ենք համաշխարհային լավագույն ստանդարտները մեր բոլոր նախագծերում։ Մեզ համար, սակայն, չափազանց կարեւոր է, որ այդ գիտելիքը չմնա միայն կոնկրետ ծրագրի շրջանակում։ Այն գալիս է Հայաստան եւ դառնում ոլորտային արժեք», - ասում է ռազմավարական զարգացման տնօրենը։ Նրա խոսքով՝ ընկերությունն ակտիվորեն կիսվում է այս փորձառությամբ՝ գիտելիքը լայն հարթակներ դուրս բերելով՝ պարբերական վարպետության դասերով եւ հանդիպումներով ոլորտի մասնագետների եւ ուսանողների հետ:

Թիմը եւ կառավարման մշակույթը՝ որպես հիմնասյուն

Անի Մավյանն ընդգծում է, որ ցանկացած միջազգային նախագծի հաջողության հիմքում մարդիկ են։ «Վստահելիության մյուս առանցքային հենասյունը ընկերության թիմն ու կառավարման մշակույթն են։ «Ռենշինը» համալրված է ոլորտային լավագույն մասնագետներով, սակայն ընկերությունը չի սահմանափակվում ձեռքբերվածով՝ շարունակաբար ներդրումներ անելով անձնակազմի զարգացման ու վերապատրաստման ծրագրերում։

Կառավարման մշակույթն ու մոտեցումները մեզ մոտ ներդրված են միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան: Մենք ունենք կառավարման հստակ ներքին կանոնակարգեր, որոնք ամբողջովին խարսխված են մեր կորպորատիվ արժեքների վրա։ Այդ արժեքներն անտեսանելի, բայց ամուր թելով կապում են մեր գործունեության բոլոր ուղղությունները՝ սկսած կոնցեպտուալ եւ տենդենցներ թելադրող նախագծերի ստեղծումից, վերջացրած թիմի ձեւավորմամբ եւ միջազգային գործընկերոջ ընտրությամբ»,- ասում է նա:

Ֆինանսական թափանցիկություն եւ միջազգային աուդիտ

Ընկերության ռազմավարական զարգացման տնօրենի խոսքով՝ վստահելիությունը հնարավոր չէ կառուցել միայն գաղափարական ճիշտ մոտեցումներով. այն պահանջում է կայուն ֆինանսական եւ իրավական հենք։ 

«Այս համատեքստում բավականին խոսուն է այն փաստը, որ «Ռենշինի» բիզնեսի կայունությունն ու միջազգային չափանիշներին համապատասխանությունը հաստատվում են աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկի՝ KPMG-ի ամենամյա աուդիտներով։

Անկախ եւ միջազգային հեղինակություն ունեցող կառույցի կողմից իրականացվող ամենամյա աուդիտը մեր գործունեության թափանցիկության ամենաբարձր գրավականն է։ Սա ուղիղ եւ հստակ ազդակ է թե՛ մեր միջազգային գործընկերներին, թե՛ պարտատոմսերի պոտենցիալ ներդրողներին, որ նրանք գործ ունեն ֆինանսապես կայուն, կանխատեսելի եւ ռիսկերը գրագետ կառավարող կառույցի հետ», - եզրափակում է Անի Մավյանը։
Դիտում՝ 1049

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW