Ամերիաբանկը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում է

05.03.2026 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Lion Finance Group #Լոնդոնի ֆոնդային բորսա
Ամերիաբանկը, որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։ 

Որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ:

«2006թ-ից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց շուրջ երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի` խմբում ընդգրկվելու ռազմավարական նշանակության եւ խմբի ընդհանուր զարգացման մեջ ունեցած էական ներդրման մասին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

LFG խումբն ինդեքսին պաշտոնապես կմիանա 2026թ. մարտի 20-ին՝ շուկաների փակումից հետո: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026թ. մարտի 23-ին։ FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ ֆինանսական եւ այլ ոլորտներից, ինչպիսիք են HSBC-ն (HSBA), Barclays-ը (BARC), Lloyds Banking Group-ը (LLOY), Rolls-Royce Holdings-ը (RR), Unilever-ը (ULVR), Coca-Cola-ն (CCH, CCEP), AstraZeneca-ն (AZN) եւ այլն: Իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն (BRBY) եւ EasyJet-ը (EZJ):

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է իրադարձության կարեւորությունը ոչ միայն բանկի եւ խմբի, այլեւ տարածաշրջանի եւ Հայաստանի համար: 

«Սա կարեւոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը եւ դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները: Ընդհանուր առմամբ, FTSE 100-ում ընդգրկվելը նպաստում է Հայաստանի տեսանելիության ու հեղինակության բարձրացմանը։ Այս կարեւոր ձեռքբերման առիթով ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր թիմին մեծ նվիրումի ու պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաեւ հաճախորդներին ու գործընկերներին` վստահության եւ համագործակցության համար»,- ասել է նա։

«FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը թիմերի հետեւողական աշխատանքի արդյունքում ստեղծված արժեքի պաշտոնական ճանաչումն է։ Այս նվաճումն ընդգծում է Lion Finance Group-ի ռազմավարության հզորությունը, ինչպես նաեւ նրա նորարարական, տեխնոլոգիաների վրա հիմնված եւ հաճախորդակենտրոն մոտեցումը թե' հայկական, թե' վրացական շուկաներում։ Ես կարծում եմ, որ այս ձեռքբերումը կամրապնդի միջազգային ներդրողների հետաքրքրությունը խմբի նկատմամբ եւ կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, որոնց պրոֆեսիոնալիզմը եւ համատեղ ջանքերը հնարավոր դարձրին մեր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում», - նշել է Lion Finance Group-ի գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW