Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2025-ին նկատվել են կառուցվածքային տեղաշարժեր

03.03.2026 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթոն Հայաստան #անշարժ գույք
Գրանթ Թորնթոն Հայաստանը հրապարակել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի 2025 թ․ տարեկան վերլուծությունը, որտեղ ամփոփված են տարվա ընթացքում գրանցված հիմնական միտումները, գործարքների շարժը եւ գների դինամիկան։ 

Վերլուծությունն ընդգծում է, որ 2025-ը շուկայի համար եղել է անցումային տարի. 2024-ին դիտված բարձր ակտիվությանը հաջորդել է պահանջարկի բնական անկումը, մասնավորապես՝ Երեւանի վարչական շրջաններում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո։

Գործարքների ընդհանուր պատկերը

Տարվա ընթացքում անշարժ գույքի գործարքների ընդհանուր քանակը նվազել է 1.61%-ով։ Մարզերում գրանցվել է 5.33% անկում, իսկ Երեւանում՝ 8.04% աճ։ Ընդամենը 2025-ին իրականացվել է 243,913 գործարք, որոնցից 74,458-ը՝ մայրաքաղաքում։ Ամենաակտիվ ամիսը եղել է դեկտեմբերը։ 

Առքուվաճառքի գործարքները կազմել են օտարման բոլոր գործարքների 67%-ը։ Հաշվետու տարում գրանցվել է 59,748 առքուվաճառքի գործարք, ինչը 3.38%-ով գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը։ Առքուվաճառքի ընդհանուր գործարքների աճը պայմանավորված է Երեւանում առուվաճառքի գործարքների ավելացմամբ՝ նախորդ տարվա համեմատ 26․41%, մինչդեռ մարզերում նմանատիպ գործարքները նվազել են՝ նախորդ տարվա համեմատ 6.92%-ով:

Շուկայական գների միտումները

Երեւանում 2025-ին առաջին անգամ վերջին տարիների ընթացքում արձանագրվել է գների նվազում՝ մասնավորապես Կենտրոնում, Արաբկիրում եւ Շենգավիթում, արձանագրվել է գների նվազում։ Տարեկան կտրվածքով մեկ քառակուսի մետրի գինը Կենտրոնում նվազել է 1.4%-ով, Արաբկիրում՝ 1.75%-ով, իսկ Շենգավիթում՝ 0.98%-ով։ 2025 թվականին մարզերում գների նվազում չի արձանագրվել։ Սյունիքի, Արմավիրի եւ Տավուշի մարզերում շուկան ցուցադրել է հակառակ դինամիկա․ գների աճի տեմպը արագացել է 2024 թվականի համեմատ։ Միեւնույն ժամանակ, Լոռու մարզը շարունակում է առաջարկել երկրի ամենամրցունակ եւ մատչելի անշարժ գույքի գները։

Օտարերկրյա քաղաքացիների մասնակցությունը աճել է

2023–2025 թվականների ընթացքում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի գնման ամենամեծ թվով գործարքները գրանցվել են 2025 թվականին՝ ընդհանուր 2,014 գործարք։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականին 2024 թվականի համեմատ օտարերկրացիների կողմից անշարժ գույքի գնման գործարքները աճել են 26.99%-ով, իսկ վաճառքի գործարքները՝ 2.94%-ով։ Օտարերկրյա քաղաքացիների շարքում Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են զբաղեցնել առաջին տեղը անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներում։

Կանխատեսումներ 2026 թվականի համար

Գրանթ Թորնթոն Հայաստանի գնահատմամբ՝ 2026 թվականին անշարժ գույքի շուկան կշարունակի գործել համեմատաբար համաչափ եւ կայուն տեմպով։ Մարզերում եկամտային հարկի վերադարձի ծրագրի պահպանումը շարունակում է խթանել տեղային պահանջարկը, իսկ կանխատեսվող 5–5.9% տնտեսական աճը կարող է ապահովել շուկայի ընդհանուր ակտիվության պահպանումը։

Միաժամանակ, 2027 թվականից մարզերում ծրագրի վերջնական դադարեցման սպասումները, ըստ վերլուծության, կարող են 2026 թվականի երկրորդ կեսին որոշակի աշխուժացում բերել մարզային նորակառույց բնակարանների շուկայում՝ հատկապես այն դեպքերում, երբ գնորդները կփորձեն օգտվել գործող հարկային արտոնություններից մինչեւ դրանց ուժը կորցնելը։

Ամբողջական վերլուծությունը հասանելի է երկու լեզվով այստեղ:
Դիտում՝ 488

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW