ԿԲ-ն սահմանել է կապիտալի հաշվարկման եւ ապահովագրության կիրառման նոր կանոններ

18.02.2026 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #կապիտալի հաշվարկում
ՀՀ կենտրոնական բանկի հունվարի 13-ի խորհրդի որոշմամբ հստակեցվել են վճարահաշվարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը եւ ապահովագրության (երաշխիքի) կիրառման առանձնահատկությունները:

Մասնավորապես՝ վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի կազմը եւ կառուցվածքը համապատասխանեցվել են միջազգային պրակտիկայում առկա մոտեցումներին: Հստակեցվել է հիմնական կապիտալի հաշվարկում չբաշխված շահույթի/վնասի ներառման կարգը, ինչպես նաեւ նախատեսվել են կապիտալի հաշվարկից նվազեցումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների մասով:

ԿԲ-ից հայտնել են, որ սահմանվել է, որ վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է.

•    ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի չափով, բացառությամբ՝ ծրագրային ակտիվների,
•    ծրագրային ակտիվների հաշվեկշռային արժեքի՝ առաջին մակարդակի հիմնական կապիտալի տարրերի հանրագումարի 50 տոկոսը գերազանցող գումարի չափով,
•     հիմնական միջոցների եւ այլ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի` առաջին մակարդակի հիմնական կապիտալի տարրերի հանրագումարի 50 տոկոսը գերազանցող գումարի չափով:

Այս սահմանաչափերի կիրառման պարագայում ծրագրային եւ նյութական ակտիվների հետ կապված ռիսկն ամբողջովին կարող է կլանվել սեփական կապիտալի կողմից՝ միեւնույն ժամանակ ապահովելով թվային տեխնոլոգիաների ներդրման առավել նպաստավոր պայմաններ վճարահաշվարկային կազմակերպությունների համար:

Սահմանվել է, որ իրացվելիության նորմատիվը պետք է ծածկի ընթացիկ պարտավորությունների 60%-ը, սակայն ոչ պակաս, քան վճարահաշվարկային կազմակերպության հաճախորդների հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների մեծությունը: Սա թույլ կտա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության պրուդենցիալ կարգավորման եւ հաճախորդների հանդեպ իրացվելիության ռիսկի զսպման տեսանկյունից: Հստակեցվել են հաճախորդներից ստացված միջոցների պաշտպանության համար ապահովագրության (երաշխիքի) կիրառման առանձնահատկությունները: Վերացվել է փոխադրվող կանխիկ դրամական միջոցները հատուկ բանկային հաշվին մուտքագրելու պահանջն այն դեպքերի համար, երբ առկա է ապահովագրություն (երաշխիք): Փոփոխությունը հնարավորություն կտա վճարահաշվարկային կազմակերպություններին առավել արդյունավետ իրականացնել իրացվելիության կառավարումը։
Դիտում՝ 622

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW