“Վալլետտա” ՍՊԸ-ն կհիմնի Հարավային Կովկասում մսամթերքի արտադրության խոշորագույն գործարանը եւ սուրճի վերամշակման գործարան: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ընկերության տնօրեն Շահեն Ստեփանյանը: Նրա խոսքերով, երկու գործարաններն էլ նախատեսվում է կառուցել 2009-2010 թվականներին: “Բացի այդ, մենք ծրագրում ենք ընդլայնել արագ սննդի կետերի ու “Սթար” սուպերմարկետների ցանցը եւ ձեռնարկել Հայաստանում նոր ֆրանչայզինգ”,- ասել է Շահեն Ստեփանյանը: “Վալլետտայի” ֆինանսական տնօրեն Արմեն Բերբերյանն ասել է, որ համաշխարհային ճգնաժամը չի ազդել ընկերության ծրագրերի վրա: “Մենք կրճատումներ չենք կատարում, ընդհակառակը` հաջորդ շաբաթ աշխատանքի ենք ընդունելու 35 նոր աշխատակիցների”,- ասել է Արմեն Բերբերյանը: “Վալլետտայի” ֆինանսական տնօրենի տեղակալ Հայկ Կակոյանն ընդգծել է, որ “ընկերության կայունության վառ ապացույցն այն խոշոր վարկն է, որը շուտով տրամադրվելու է ընկերությանը անգլիական հեղինակավոր բանկի կողմից”: Միաժամանակ, Հայկ Կակոյանը չի բարձրաձայնել վարկատու բանկի անվանումն ու վարկի չափը: Պատասխանելով խոշոր բիզնեսի պարտավորությունների նկատմամբ պետության ուժեղացված վերահսկողության նկատմամբ “Վալլետտայի” ղեկավարության վերաբերմունքի մասին ՄԵԴԻԱՄՍՔՍ -ի հարցին` Շահեն Ստեփանյանն ասել է, որ “պետության եւ խոշոր բիզնեսի միջեւ հարաբերություների նոր մշակույթը օրեցօր ավելի զգալի է դառնում”: “Մենք ողջունում ենք կառավարության դիրքորոշումը, բարեփոխումների մեկնարկը խոստումնալից է, եւ հուսով ենք, որ դրանցից կշահեն բոլորը”,- ասել է Շահեն Ստեփանյանը: Tweet Դիտում՝ 14260