«Koreez–Telcell–Physmath» եռակողմ համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ

18.02.2026 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Koreez #Telcell #Physmath
Կորիզ կրթական ծրագիրը, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը եւ իրենց ռազմավարական գործընկեր Telcell ընկերությունը ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր՝ ազդարարելով «Koreez–Telcell–Physmath» համադպրոցական մաթեմատիկական մրցույթի ընդլայնված մեկնարկի մասին։

Telcell-ից հայտնել են, որ անցած տարվա բացառիկ հաջողությունից հետո մրցույթը դարձել է Հայաստանի կրթական կյանքի ամենամասշտաբային նախաձեռնություններից մեկը՝ միավորելով հազարավոր աշակերտների ամբողջ հանրապետությունից։ Մասնակցության լայն աշխարհագրությունը, բարձր մրցակցային մակարդակը եւ եզրափակչի արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն պահպանվում է, այլեւ զգալիորեն աճում է։

Աննախադեպ հաջողության հիման վրա այս տարի համագործակցությունը վերածվում է ռազմավարական գործընկերության, եւ Telcell-ը պաշտոնապես միանում է Կորիզ կրթական շարժմանը՝ որպես երկարաժամկետ գործընկեր հատկապես «Koreez–Telcell–Physmath» մրցույթի շրջանակում։

Կորիզ կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը նշել է, որ նախորդ տարի իրենց հաջողվել է մրցութի շրջանակում համախմբել 1400 դպրոցից 1180-ին, եւ տասնյակ հազարավոր աշակերտներ մեծ ոգեւորությամբ են մասնակցել նշված նախաձեռնությանը։ 

«Մեր գլխավոր նպատակն աշակերտների շրջանում մաթեմատիկա առարկայի նկատմամբ սիրո խթանումն է։ Ցանկանում ենք ցույց տալ, որ մաթեմատիկան միայն օլիմպիական հերոսների համար չէ։ Այն յուրաքանչյուր երեխայի համար է՝ անկախ նրա առաջադիմությունից։ Ի վերջո, մենք հաջողեցինք, ուստի այս տարի որոշեցինք համագործակցությունը բարձրացնել ռազմավարական մակարդակի եւ ընդլայնել մրցույթի շրջանակները՝ ներգրավելով ոչ միայն 3-12-րդ դասարանների, այլեւ 1-12 դասարանների աշակերտներին»,- ասել է Սուրեն Ալոյանը։

Նրա խոսքով՝ այս տարի մրցույթի շրջանակում Կորիզ հավելվածը մասնակիցներին ընձեռում է մրցույթին խաղի միջոցով պատրաստվելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ ոչ միայն կստուգվեն աշակերտների գիտելիքները, այլեւ ամբողջ տարվա ընթացքում նրանց կփոխանցվեն հավելյալ գիտելիքներ, որպեսզի մաթեմատիկայի հանդեպ սերը կրի մասսայական բնույթ։

«Այս տարի Telcell-ի հետ կնքելով ռազմավարական գործընկերության պայմանագիր՝ ընտրել ենք երկարաժամկետ փոխգործակցության տարբերակը, մինչեւ որ հասնենք մեր գլխավոր նպատակին, ըստ որի՝ ՀՀ յուրաքանչյուր աշակերտ մաթեմատիկայի հանդեպ կցուցաբերի ուրույն մոտեցում»,- ասել է նա:

Կորիզ կրթական ծրագիրը դիմել է նաեւ գործընկերներից «Գրանտ Տորոնտոն»-ին, որն իրականացրել է նախորդ տարվա մրցույթի արդյունքների գնահատում, ինչի շնորհիվ պարզ է դարձել, որ Կորիզ մաթեմատիկական մրցույթի մասնակիցների մոտ ակադեմիական տարվա ընթացքում 38%-ով բարելավվել է մաթեմատիկական գիտելիքների մակարդակը, ավելացել են սերն ու մոտիվացիան կրթության հանդեպ։ Հենց այդ ամենն էլ Կորիզ կրթական ծրագրին դրդել է գնալ ռազմավարական համագործակցության։

Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն ընդգծել է, որ ընկերության համար կրթության աջակցությունը ոչ միայն սոցիալական պատասխանատվություն է, այլեւ՝ ներդրում երկրի ապագայի մեջ։

«2025 թվականին մեկնարկեցինք Կորիզ նախագծի հետ համագործակցությունը եւ տարվա ընթացքում միասին անցանք բազմաթիվ գործընթացներ՝ իրականացնելով տարբեր ծավալների հետաքրքիր մրցույթներ, որոնց արդյունքները մեզ համար շատ գոհացուցիչ էին։ Համագործակցությունն այս տարի ստացավ ռազմավարական բնույթ, եւ մենք որոշեցինք արդեն մեր համագործակցությունը տեղափոխել ավելի երկարաժամկետ տիրույթ»,- ասել է Արտյոմ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Telcell-ը մեծապես կարեւորում է կրթության դերն ապագա կադրերի եւ ընդհանրապես միջավայրի զարգացման մեջ.

«Նպաստելով կրթության որակին, զարգացման գործընթացին եւ տեխնոլոգիական թեւի առաջընթացին՝ մենք ստանում ենք շատ կարեւոր հենք ապագայի համար, որովհետեւ այն երեխաները, ովքեր մասնակցում են նմանօրինակ մրցույթներին եւ այս նախագծի շնորհիվ կարողանում են ինքնադրսեւորվել, նոր գիտելիքներ ձեռք բերել, միանշանակ ապագայում կարող են մեր երկրի եւ մասնավորապես մեզ համար լինել պիտանի մասնագետներ։ Հատկապես տեխնոլոգիական բնույթի կոմերցիոն ընկերությունների համար կրթված միջավայրը, որի պահանջները ժամանակի մարտահրավերների հետ համահունչ են, նպաստում է նաեւ այդ ընկերությունների դինամիկ զարգացմանը»:

ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը նշել է, Կորիզ կրթական ծրագիրն արդեն երկու տարի համագործակցում է ֆիզմաթ դպրոցի հետ, եւ այդ ծրագիրն ինչ-որ առումով օլիմպիական շարժման տեսակ է դարձել՝ խթանելով երեխաների առաջընթացը։ 

«Մենք նույնպես շարունակաբար զբաղվում ենք շնորհալի երեխաների հայտնաբերմամբ եւ լավագույն արդյունքներ ապահովող աշակերտներին մրցույթով ընդունում ենք ֆիզմաթ դպրոց։ Հետագայում ունենալով համապատասխան միջավայր՝ ապահովում ենք մեծ հաջողություններ։ Կորիզ կրթական ծրագրի շրջանակում ամբողջ Հայաստանի տարածքում տեղի ունեցավ մեծ շարժում, որին երեխաները միացան մեծ ոգեշնչմամբ։ Մեզ համար դա նույնպես ֆիլտրման միջոց էր, որպեսզի տեսադաշտից դուրս մնացած աշակերտներին տայինք արտոնություններ»,- նշել է Արման Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ իրենք նախապես որոշել էին հանրապետական օլիմպիադայի դիպլոմակիրներին տալ հարցազրույցով ֆիզմաթ դպրոց ընդունվելու արտոնություն, իսկ հիմա նման արտոնությունից կարող են օգտվել նաեւ Կորիզ կրթական ծրագրի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթում համապատասխան արդյունքներ ապահոված երեխաները։ 

«Վերջին տարիները ցույց տվեցին, որ այս շարժումը տեղին է, որովհետեւ գնալով աճը նկատվում է։ Օրինակ՝ այս տարի օլիմպիադայում 5-րդ դասարանցիների քանակն ավելացավ, հետեւաբար նրանց ոգեշնչելն ու վերջում աշակերտներին ու նրանց ուսուցիչներին մեծարելը շատ գովելի է։ Դա իսկապես կրթության զարգացմանը նպաստող գործընթաց է, որից մեր դպրոցը ձգտում է հետ չմնալ։ Ստորագրվելիք եռակողմ համագործակցության պայմանագիրը մեծ նշանակություն կունենա կրթության ոլորտում եւ հնարավորություն կտա ավելի վաղ փուլում բացահայտել ու խրախուսել այն աշակերտներին, ովքեր ապագայում կարող են դառնալ գիտության եւ տեխնոլոգիայի ոլորտի առաջատարներ»,- ասել է Արման Սարգսյանը։

«Koreez–Telcell–Physmath» մրցույթն այս տարի կանցկացվի չորս փուլով՝ երկու առցանց եւ երկու առկա փուլերով, իսկ եզրափակիչ փուլում լավագույն մասնակիցները կմասնակցեն հանդիսավոր մրցանակաբաշխությանը։

Սա կարեւոր քայլ է, քանի որ մաթեմատիկական մտածողության հիմքերը ձեւավորվում են հենց վաղ տարիքից։ Նոր ձեւաչափը հնարավորություն է տալիս արդեն առաջին դասարանից ներգրավվել առողջ մրցակցային եւ զարգացնող կրթական միջավայրում։

Telcell-ի աջակցությամբ այս տարվա մրցույթն իրականացվում է առավել լայն ընդգրկմամբ՝ ապահովելով ավելի մեծ հասանելիություն, մրցակցային միջավայր եւ բացառիկ հնարավորություններ մասնակիցների համար։

Սյս տարի մրցույթը բաց է 1–12-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր գրանցվելու նպատակով կարող են այցելել www.koreez.am կայք եւ ընտրել «Koreez–Telcell–Physmath» մաթեմատիկական մրցույթը։

 «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Դիտում՝ 783

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW