Հայաստանի ֆոնդային բորսան եւ Ռուս-հայկական համալսարանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ձեւավորել գիտելիքի, փորձի եւ հնարավորությունների նոր կամուրջներ Հայաստանի կապիտալի շուկայի եւ ակադեմիական միջավայրի միջեւ։Ֆոնդային բորսայից հայտնել են, որ համագործակցության առանցքում կապիտալի շուկաների վերաբերյալ կրթական ծրագրերի իրականացումն է, ուսանողների եւ երիտասարդ մասնագետների մասնագիտական ներուժի զարգացումը, ինչպես նաեւ գործնական հմտությունների ամրապնդումը՝ աշխատաշուկայում առավել մրցունակ կադրեր պատրաստելու նպատակով։ Արդեն փետրվար ամսից ուսանողների համար հասանելի է «Կապիտալի շուկաներ» ընտրողական մոդուլը, որը դասավանդում են Հայաստանի ֆոնդային բորսայի առաջատար մասնագետները՝ փոխանցելով թե՛ տեսական գիտելիք, թե՛ շուկայի իրական փորձառություն։ Մինչ ընթացիկ ուսումնական տարվա ավարտը նախատեսվում են նաեւ կապիտալի շուկայի մասնակից ընկերությունների հետ համատեղ դասընթացներ, փորձագիտական քննարկումներ եւ ուսանողների ներգրավում իրական շուկայական գործընթացներում՝ ապահովելով ակադեմիական կրթության եւ պրակտիկայի արդյունավետ համադրություն:«Այս համագործակցությունը մեզ համար պարզապես կրթական նախաձեռնություն չէ։ Սա ներդրում է Հայաստանի կապիտալի շուկայի ապագայի մեջ։ Մենք ցանկանում ենք երիտասարդ մասնագետներին տրամադրել ոչ միայն գիտելիք, այլեւ իրական փորձառություն եւ հարթակ՝ իրենց մասնագիտական ճանապարհը վստահորեն կառուցելու համար։ Վստահ ենք, որ կրթության եւ շուկայի սերտ համագործակցությունն է ձեւավորում մրցունակ եւ կայուն ֆինանսական համակարգ»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:Հայաստանի ֆոնդային բորսան հետեւողականորեն շարունակում է աջակցել կրթական ծրագրերին՝ կարեւորելով որակյալ կրթության եւ գործնական հմտությունների համադրությունն որպես ուժեղ ֆինանսական համակարգի եւ կայուն տնտեսության ձեւավորման հիմնասյուն։Այս հուշագիրը եւս մեկ քայլ է դեպի գիտելիքահեն, մրցունակ եւ միջազգային չափանիշներին համահունչ կապիտալի շուկայի զարգացում Հայաստանում։ Tweet Դիտում՝ 724