Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի եւ ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին։ Լինելով ոլորտի ամենախոշոր հարթակներից մեկը՝ «Gulfood» ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ էր միավորել ավելի քան 120 երկրի ազգային տաղավար։ Հայկական Fun Fruit-ը սեփական տաղավարում ներկայացել է իր արտադրած արեւահամ տանձի ու խնձորի տեսակներով։ «2021 թվականից ի վեր Fun Fruit ընկերությունն Արագածավան համայնքում հիմնել է 300 հեկտարից ավելի ինտենսիվ այգիներ՝ տանձի, տափակ դեղձի, խնձորի, կեռասի, ծիրանի: Մենք այստեղ՝ «Gulfood»-ում, մասնակցում ենք սեփական տաղավարով, որպեսզի ընդլայնենք մեր ներկայությունն Արաբական Միացյալ Էմիրություններում եւ շրջակա երկրներում: Շուկայում գործունեություն ենք ծավալում արդեն երկու տարի: Մենք ունենք սեփական 10-ից ավելի բեռնատար մեքենաներ, որով կազմակերպում ենք բեռնափոխադրումները Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ»,- ասել է Fun Fruit ընկերության նախագահ Վահագն Բադալյանը:Fun Fruit-ն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Gulfood»-ի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Ցուցահանդեսի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ համտեսել են հայկական արեւահամ մրգերը՝ առաջարկելով նոր համագործակցություններ։ Վահագն Բադալյանը նշել է՝ առաջիկայում պատրաստվում են շուկան ընդլայնել. «Նաեւ մենք մասնակցել ենք 2025 թվականի սեպտեմբերին Asia Fruit Logistica ցուցահանդեսին, նույնպես մեր սեփական տաղավարով, որտեղ ներկայացնում էինք հայկական, մեր սեփական արտադրության մրգերը եւ փորձում էինք ընդլայնվել նաեւ այդ շուկաներում»:Նշվում է, որ «Gulfood» ցուցահանդեսը դարձել է կարեւոր հարթակ՝ Fun Fruit-ի արտադրանքը ներկայացնելու, ինչպես նաեւ ոլորտի լավագույն մասնագետների եւ առաջատար արտադրողների հետ արդյունավետ կապեր հաստատելու համար: Tweet Դիտում՝ 456