ԿԲ-ն որոշ տնտեսվարողների համար սահմանել է անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն շեմեր

11.02.2026 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #տնտեսվարող սուբյեկտ
Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշ տնտեսվարող սուբյեկտների համար սահմանել է անկանխիկ գործառնությունների, մասնավորապես՝ ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը։

ԿԲ-ից հայտնել են, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումից հետո ֆինանսական համակարգում անկանխիկ վճարումների ծավալների էական աճին զուգահեռ եւ շուկայում աճող մրցակցության պայմաններում քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները ժամանակի ընթացքում նվազել են տնտեսվարող սուբյեկտների որոշ խմբերի համար: 

«Ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, տնտեսվարող սուբյեկտների առանձին խմբերի, մասնավորապես՝ փոքր իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեպքում, անկանխիկ վճարումների աճը չի հանգեցրել միջնորդավճարների նշանակալի նվազման: Ըստ այդմ, ինչպես նաեւ հաշվի առնելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել, քաղաքականության միջամտությամբ առավել նպաստավոր պայմաններ ստեղծել հատկապես փոքր տնտեսվարող սուբյեկտների սպասարկումն իրականացնելու նպատակով»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:

Այսպիսով, մինչեւ 150 միլիոն ՀՀ դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող եւ սահմանված վաճառակետի տեսակի կոդերին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն շեմեր․

•    «Արմենիան Քարդ» վճարային համակարգի քարտերով իրականացվող գործարքների դեպքում՝ առավելագույնը 0,5%,
•    Հայաստանում շրջանառության ծավալով ամենամեծ երկու միջազգային քարտային համակարգերի քարտերով իրականացվող գործարքների դեպքում՝ առավելագույնը 0,9%։
Այն տնտեսվարողների համար, որոնց ՊՈՍ տերմինալներով իրականացված ամսական շրջանառությունը չի գերազանցում 50,000 ՀՀ դրամը, սահմանվել են ֆիքսված առավելագույն միջնորդավճարներ՝ կախված գործունեության վայրից․
•    Երեւանում՝ մինչեւ 4,600 ՀՀ դրամ,
•    մարզային քաղաքներում՝ մինչեւ 3,000 ՀՀ դրամ,
•    գյուղական բնակավայրերում՝ մինչեւ 1,000 ՀՀ դրամ։

Փոքր տնտեսվարող սուբյեկտների համար ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով իրականացվող գործարքների համար բանկերի միջեւ վճարվող միջբանկային սակագների առավելագույն չափը սահմանվել է 0,2%։

Սահմանված առավելագույն միջնորդավճարները կիրառվելու են յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից մինչեւ հաջորդ տարվա փետրվարի վերջը: Այս ընթացքում նոր ստեղծված եւ չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների համար կիրառվելու են վերոնշյալ սակագները:

«Կենտրոնական բանկը կարեւորում է փոքր եւ մանրածախ առեւտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար վճարային ենթակառուցվածքների մատչելիությունը եւ շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու մրցունակ, թափանցիկ եւ ներառական վճարային միջավայր Հայաստանում»,- ասվում է հաղորդագրությունում:

Որոշմանն ու դրա մանրամասներին ծանոթացեք հղումով:
Դիտում՝ 481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW