ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր

06.02.2026 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶՊՄԿ #KOMAIHALTEC
Փետրվարի 5-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կնքվել է քառակողմ հուշագիր՝ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Ճապոնական «KOMAIHALTEC» ընկերության եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջեւ։

Ծրագրի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն աշխատելու է ճապոնական Komaihaltec Inc. ընկերության հետ՝ ընկերության տարածքում ԶՊՄԿ-ի ներքին կարիքների համար հողմային էներգիայով աշխատող փակ հիբրիդային էներգահամակարգի ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ։

Նախաձեռնության նպատակն է ապահովել վերականգնվող էներգիայի արտադրություն եւ օգտագործում ԶՊՄԿ-ի գործունեության տարբեր ուղղություններում՝ նպաստելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը եւ էներգաարդյունավետության բարձրացմանը։

Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը ողջունել է կողմերին եւ կարեւորել համագործակցության հուշագրի ստորագրումը, որը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության եւ կլիմայական քաղաքականության առաջնահերթություններին։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը խոսել է այն մասին, որ ԶՊՄԿ-ն արդեն տեւական ժամանակ է վերականգնվող էներգետիկ ծրագրերը դրել է ընկերության զարգացման եւ արդիականացման առանցքում․ 

«Արդեն այսօր ԶՊՄԿ հարակից մի քանի համայնքներում ընկերության ջանքերով տեղադրվել են արեւային կայաններ՝ համայնքների էներգետիկ կարիքների համար։ Ընկերությունը ծրագրում է նաեւ սեփական կարիքների համար արեւային կայանի ծրագրի իրականացումը։ Հայաստանի ներուժը վերականգնվող էներգիայի ոլորտում, ինչպես եւ հանքարդյունաբերության ոլորտում հսկայական է։ ՀՀ կառավարության, ճապոնական Komaihaltec ընկերության եւ ԶՊՄԿ համատեղ ծրագիրը ընդգծում է այս ոլորտի առաջնահերթությունը Հայաստանի կառավարության համար եւ հատուկ կարեւորությունը բիզնեսի համար։ Միջազգային համագործակցությունը նոր հնարավորություններ ու հորիզոններ է բացում Հայաստանի համար էներգետիկ անկախության եւ բնապահպանական կայունության ուղղությամբ»:

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է մինչեւ 2050 թվականը ցածր ածխածնային զարգացման ռազմավարություն, եւ այս նախագիծը կարող է դառնալ արդյունաբերական զարգացման եւ կլիմայական պատասխանատվության հաջող համադրության օրինակ։

Կողմերը լիահույս են, որ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ կծառայի միջազգային լավագույն փորձի ներդրմանը։
Դիտում՝ 348
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW