Երեւան /Մեդիամաքս/. “Վալլետտա” ընկերությունը մարել է կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տրանշը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Բերբերյանը: Թողարկման ընդհանուր ծավալը կազմում էր 350 մլն դրամ, անվանական արժեքը` 50 000 դրամ, քանակը` 7000 հատ, արժեկտրոնային տոկոսադրույքը` տարեկան 10.5%, շրջանառության ժամկետը` 18 ամիս: Արմեն Բերբերյանը նշել է, որ ակտիվ ներդրողներին այս պարտատոմսերը ապահովել են 20-25 տոկոսանոց եկամտաբերություն: “Վալլետտայի” թողարկման տեղաբաշխողի եւ շուկա ստեղծողի կարգավիճակում հանդես եկող “Արմսվիսբանկի” ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը տեղեկացրել է, որ երկրորդային շուկայում “Վալլետտայի” պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է 770 մլն դրամ, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է թողարկման ծավալը: Կարեն Տուրյանը նշել է, որ այս թողարկման պարտատոմսերի առքուվաճառքի գործարքների ծավալը մինչեւ բորսայում ցուցակվելը կազմել է 80,5 մլն դրամ, ցուցակվելուց հետո` 448,7 մլն դրամ, պարտատոմսերի հետ ՌԵՊՕ գործարքների ծավալը` 282,6 մլն դրամ, պարտատոմսերով բորսային գործարքների միջին արժեքը` 10.51%:Կարեն Տուրյանը նաև տեղեկացրել է, որ 2008 թվականին ընկերության պարտատոմսերի 3 թողարկումների ընդհանուր բորսայական շրջաանռությունը կազմել է 758 մլն 214 հազ. դրամ, ինչը կազմել է պարտատոմսերի ընդհանուր բորսայական շրջանառության 33.7%-ը: “Վալլետտայի” ֆինանսական տնօրեն Արմեն Բերբերյանն ընդգծել է ՀՀ կապիտալի շուկայի “փայլուն ենթակառուցվածքը”` հավելելով, որ ներկայումս ընկերությունը քննարկում է կորպորատիվ պարտատոմսերի նոր թողարկման հնարավորությունը: Tweet Դիտում՝ 14542