Ineco Group-ը հայտարարում է Dimension ներդրումային ընկերության 65% բաժնեմասի ձեռքբերման մասին։ Օրերս Ineco Group-ի գործադիր տնօրեն Դավիթ Բալոյանը եւ Dimension-ի հիմնադիր-բաժնետեր Դավիթ Հակոբյանը ստորագրել են համաձայնագիր: Գործարքը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը: Բաժնետոմսերի ձեռքբերմամբ Ineco Group-ը նպատակ ունի ամրապնդել եւ ընդլայնել իր ներկայությունն ու դիրքերը ներդրումային ծառայությունների շուկայում, ինչպես նաեւ շարունակաբար զարգացնել խմբի ֆինանսական եւ տեխնոլոգիական ենթակառուցվածքները՝ ներառյալ մասնագիտացված լուծումներ արժեթղթերի գործարքների, ներդրումային խորհրդատվության, ակտիվների կառավարման, ինչպես նաեւ հետազոտության եւ վերլուծության ոլորտներում։«Այս համագործակցությունը Ineco Group-ի աճի եւ երկարաժամկետ զարգացման հերթական կարեւոր քայլն է։ Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ներդրումային ծառայությունների պահանջարկի զգալի աճ։ Այս նախաձեռնությամբ նպատակ ունենք առավել ամրապնդել մեր դիրքերը ոլորտում։ Ուրախ ենք Dimension թիմին ընդունել մեր ընկերությունների խումբ եւ շնորհակալություն ենք հայտնում հիմնադիր Դավիթ Հակոբյանին մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Մենք տեսնում ենք համադրելիության մեծ ներուժ խմբի բոլոր ընկերությունների միջեւ եւ վստահ ենք, որ միասին շուկային կառաջարկենք նորարարական եւ բարձրորակ ներդրումային ծառայություններ ու պրոդուկտներ», - նշել է Ineco Group-ի գործադիր տնօրեն Դավիթ Բալոյանը։«Այս գործընկերությունը բացում է նոր փուլ մեր ընկերության զարգացման համար։ Ineco Group-ի հաճախորդների լայն բազան, ֆինանսական եւ տեխնոլոգիական հնարավորությունները, միջազգային փորձը եւ պրոֆեսիոնալ թիմը մեզ թույլ կտան ընդլայնել ծառայությունները, զարգացնել տեխնոլոգիական հիմքը եւ ստեղծել հավելյալ արժեք մեր հաճախորդների եւ գործընկերների համար»,-նշել է Dimension-ի հիմնադիր-բաժնետեր Դավիթ Հակոբյանը։Dimension ՓԲԸ-ի մասինDimension ՓԲԸ-ն ներդրումային ընկերություն է, որը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ՝ կապված արժեթղթերի գործարքների, խորհրդատվության, հետազոտության եւ վերլուծության հետ։ Ընկերությունը գրանցվել եւ լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 28-ին։ Dimension ՓԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է եւ հանդես է գալիս որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի օպերատոր։ Այն նաեւ հայկական շուկայում կորպորատիվ պարտատոմսերի առաջատար բաշխողներից մեկն է։Ineco Group ՓԲԸ-ի մասինIneco Group ՓԲԸ-ն Հայաստանում գործող ֆինանսական ծառայությունների խումբ է։ Խմբի կազմում ընդգրկված են երկրի խոշորագույն բանկերից մեկը՝ Ինեկոբանկը, Dimension ներդրումային ընկերությունը, ինչպես նաեւ տարածաշրջանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկը՝ Highway-ը։ Ineco Group-ը ներկայացված է նաեւ Եվրոպական միությունում՝ Բուլղարիայում գործող Ineco Finance վարկային կազմակերպության միջոցով։ 2025 թվականի վերջի դրությամբ խմբի կառավարման ներքո գտնվող ընդհանուր ակտիվները կազմել են մոտ $2.5 միլիարդ։ Tweet Դիտում՝ 1323