Կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջեւ ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը:Որոշման համաձայն, Հայաստանում կբարելավվեն օդանավակայանային ծառայությունները, կընդլայնվի ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, կբարելավվեն ենթակառուցվածքները, կբարձրացվի սպասարկման որակը: Կստեղծվեն պայմաններ Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար: Ըստ կատարված փոփոխությունների՝ վերացվում են Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա Կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները, պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2067 թվականի դեկտեմբերի 31-ը: Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել շուրջ $425 մլն կապիտալ ներդրումներ: Կառավարության նիստին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշել է, որ Մաստեր-պլանը նախատեսվում է ներկայացնել մինչեւ հունվարի 31-ը: Ըստ փոխնախարարի՝ նախատեսված ներդրումը պետք է իրականացվի մինչեւ 2033 թ.-ը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. «Այսինքն՝ ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»: Tweet Դիտում՝ 587