Երևան /Մեդիամաքս/. ՀՀ պետական բյուջե հարկային մուտքերը 2008 թվականին կազմել են 614 մլրդ դրամ:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` կառավարությունում ներկայացնելով 2008 թ-ին կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունը: Ներկայացված տվյալների համաձայն` եկամուտների փաստացի աճը 2007թ. համեմատ կազմել է 24,1% (119,3 մլրդ դրամ)` ներառյալ մաքսային գանձումները (76,8 մլրդ) եւ հարկային մուտքերը (42,5 մլրդ): Գագիկ Խաչատրյանը նշել է, որ վարկային եւ մաքսային մարմինների` մեկ գերատեսչության ներքո վերաձեւավորումից հետո կոմիտեում մեկնարկել են կառուցվածքային բարեփոխումներ, որոնց շնորհիվ աշխատանքի արդյունավետությունը կտրուկ աճել է: 2008թ. արդյունքներով երկրում տեղադրվել է 7800 հսկիչ-դրամարկղային մեքենա /ՀԴՄ/, սկսվել է առեւտրի կազմակերպման վայրերում ՀԴՄ տվյալների փոխանցման միասնական համակարգի գործընթացը:Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ անցյալ տարի գործարկվել է նաեւ թեժ գիծ, որի միջոցով լուծում են ստացել ավելի քան 9500 զանգեր: Միաժամանակ, Գագիկ Խաչատրյանը շեշտել է, որ գերատեսչությանը դեռեւս չի հաջողվել հասնել ՙստվերի՚ դեմ պայքարի գործիքների լիարժեք օգտագործման: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է հարկերը պարտադրաբար հավաքելուց դեպի հարկատուների կողմից ինքնուրույն վճարումների փուլին անցնելու անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը կոմիտեի ղեկավարությանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել հարկային վարչարարության գործիքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 13436