Կենտրոնական բանկում կայացել է ֆինանսական կրթման ծրագրի մշակման եւ իրագործման հանձնաժողովի երկրորդ փուլի ավարտական նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:Նիստի ընթացքում ներկայացվել են ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունների ամփոփման աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ֆինանսական կրթության ներդրումը դպրոցական ծրագրում՝ սկսած վաղ տարիքից, կարեւոր հիմք է երեխաների եւ երիտասարդների ֆինանսական մտածողության ձեւավորման եւ երկարաժամկետ որոշումների կայացման համար: «Ֆինանսական գրագիտության թեմաները ներդրված են դպրոցական մի շարք առարկաներում՝ «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» «Հասարակագիտություն» եւ այլն։ Սա օգնում է նաեւ, որ այդ առարկաների ուսուցումը դառնա ավելի իրական, կապվի կյանքի հետ եւ ապահովի գործնական գիտելիք»,- նշել է նախարարը։Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ ֆինանսական կրթությունը Հայաստանում ձեւավորվել է որպես համատեղ, շարունակական եւ համակարգային պետական օրակարգ, որի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներն արդեն չափելի են։Նրա խոսքով՝ ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025 թվականին կազմել է 56.5%՝ գերազանցելով ինչպես 2025 թվականի համար սահմանված 50% ազգային թիրախը, այնպես էլ 2031 թվականի երկարաժամկետ նպատակային ցուցանիշը՝ 55%։ Ընդհանուր առմամբ՝ վերջին հինգ տարիների ընթացքում ֆինանսական կարողությունների ինդեքսն աճել է 9.7 տոկոսային կետով։ԿԲ սպառողների զորակցման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Դավիթ Խառատյան տեղեկացրել է, որ վերջին հնգամյակի ընթացքում ֆինանսական կրթության ծրագիրն իրականացվել է ավելի քան 54 գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ՝ ներառյալ պետական մարմիններ, ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ, հասարակական եւ միջազգային կազմակերպություններ։ Հանրակրթության ոլորտում ֆինանսական կրթությունը համակարգային կերպով ներդրված է դպրոցական ծրագրում՝ տարեկան ընդգրկելով շուրջ 320,000 աշակերտի, իսկ ծրագրի իրականացման համար վերապատրաստվել է մոտ 10,000 ուսուցիչ։ Tweet Դիտում՝ 270