Հայաստանում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է ու կազմել 3.8%

16.12.2025 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #գնաճ
2025 թվականի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 3.8%: 

2025 թվականի չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաեւ գնաճի արագացման ռիսկերը պահպանվում են: ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի ձեւավորմանը եւ գնաճային միջավայրի որոշակի ընդլայնմանը: Մյուս կողմից` ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման եւ աշխատաշուկայի պայմանների հետագա, անցանկալի թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա:

«Միջնաժամկետում, ԱՄՆ-ի պետական պարտքի մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունը պահպանվում է: Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում, չնայած վերջին ամիսներին աճի վերականգնման որոշակի թույլ ազդակներին, միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերը մնում են առարկայական: Նավթի, իսկ վերջին ամիսների ընթացքում նաեւ պարենի համաշխարհային գները դրսեւորում են աստիճանական նվազման միտումներ։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունները եւ միջազգային առեւտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գնաճի տատանողականության աղբյուր հանդիսանալ: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձեւավորման, իսկ մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:

2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է: Վերջինիս շարունակում են զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերը, ինչպես նաեւ որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոններ: 2025 թվականի երրորդ եւ չորրորդ եռամսյակներում տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվում է: Միեւնույն ժամանակ, ներքին պահանջարկի ընթացիկ պայմանների, ինչպես նաեւ դրա հետագա միտումների հետ կապված զգալի անորոշությունները պահպանվում են: 

«Նման իրավիճակում, պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռեւս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումներն հիմնականում պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով: Զուգահեռաբար՝ աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները շարունակում են դրսեւորել կայունացման միտումներ: Միաժամանակ, կարճաժամկետ եւ միջնաժամկետ հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկերը թուլացել են:

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչեւ 6.25%: Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաեւ ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձեւավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղեգիծ։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման, ներքին տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման, եւ անշարժ գույքի գների հնարավոր, աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձեւավորման ու խորացման վերաբերյալ ռիսկեր, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղեգիծ: 

Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շուկայի սպասումներին համահունչ իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը։ 


Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 286
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW