Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունտ եւ «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը եռակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի եւ բոլոր առեւտրային բանկերի ֆինանսավորմամբ երեք տարում կհիմնվի 100 հա նոր անտառ Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողերում։ Ընդհանուր կտնկվի 300,000 տեղական անտառային տեսակի ծառ:ԿԲ-ից հայտնել են, որ անտառհիմնումը կիրականացվի «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը համայնքային հողերում` նպատակ ունենալով ստեղծել կայուն, կենսաբազմազանությամբ հարուստ անտառներ։ Համայնքային հողի օգտագործման ժամկետի ավարտին այդ հողերը եւ դրանց վրա ձեւավորված անտառային էկոհամակարգը կվերադարձվեն համայնքին, եւ անտառը կդառնա համայնքի սեփականությունը: «Իմ անտառ Հայաստան»-ը կիրականացնի տնկված ծառերի հետագա խնամքը, դրանց պահպանությունը եւ անհրաժեշտության դեպքում չորացած ծառերի փոխարինումը նորերով: «Այս նախաձեռնությունը պարզապես ծառատունկ չէ․ այն արձագանք է մեր առջեւ ծառացած օրհասական բնապահպանական մարտահրավերներին։ Օդի աղտոտվածությունը, անտառային հրդեհների աճող ռիսկը, հողերի էրոզիան եւ անապատացման վտանգները այսօր դարձել են մեր երկրի, մեր տնտեսության եւ մեր համայնքների ամենօրյա մտահոգությունները։ Այս իրողությունները պահանջում են համակարգված եւ պատասխանատու քայլեր։ Համոզված եմ՝ այս աշխատանքը շարունակական է լինելու, եւ մեր համատեղ ջանքերը կերտելու են այն Հայաստանը, որը պարտավոր ենք թողնել հետագա սերունդներին», - ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։«Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին (ԿՍՊ)՝ հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր ներդրումն ունենալ ծրագրերում, որոնք ապահովում են երկարաժամկետ ազդեցություն եւ ստեղծում կայուն արժեք։ ՀԲՄ 30-ամյակի հոբելյանական տարում նոր անտառի հիմնման վերաբերյալ հուշագրի ստորագրումը դարձավ տարվա ամենահիշարժան նախաձեռնություններից մեկը՝ հերթական անգամ միավորելով ԿԲ-ին եւ բոլոր առեւտրային բանկերին։ Ավելի քան 250 մլն դրամ արժողությամբ մեր համատեղ ծրագիրը վերահաստատում է նաեւ մեր պատրաստակամությունը շարունակական քայլերով աջակցել երկրի ավելի կանաչ ու կայուն ապագայի ձեւավորմանը», - ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։«Այս գործընկերությունը մեզ համար հատկապես արժեքավոր է։ Բանկերը, համատեղ գործելով, մասնակցում են ռազմավարական նշանակություն ունեցող նախագծի իրականացմանը։ Այս նախագծով նրանք ունեն մեծ ու փոքր տնտեսական դերակատարների մտածելակերպի վրա ազդելու ուժ։ Նոր անտառների հիմնումը երկարաժամկետ ներդրում է, որը կարեւոր է մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար», - նշել է «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Անտրէ Գումուշճեանը։Նշվում է, որ այս համագործակցությունը 2023 թվականի ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ իրականացված նախագծի շարունակությունն է, երբ Հայաստանի բոլոր բանկերը եւ Կենտրոնական բանկը միասին տնկեցին 50 հեկտար անտառ Լոռու մարզի Ուրասար եւ Ջրաշեն բնակավայրերի մոտ։ Tweet Դիտում՝ 1322