Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան դարձել է Euroclear Bank-ի հաճախորդ

24.11.2025 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա #Euroclear Bank #Անի Մակարյան
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հպարտությամբ հայտնում է, որ 2025թ. նոյեմբերի 20-ին Euroclear Bank-ի Կառավարման կոմիտեի որոշմամբ հաստատվել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի դիմումը՝ Euroclear Bank-ի հաճախորդ դառնալու վերաբերյալ։ 

Հաղորդագրությունում նշվում է, որ սա Հայաստանի ֆինանսական շուկայի համար կարեւոր ռազմավարական ձեռքբերում է, որը նոր հնարավորություններ կբացի մեր երկրի կապիտալի շուկայի միջազգային ինտեգրման համար։

Euroclear Bank-ը աշխարհի խոշորագույն միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներից մեկն է, որը պահպանում է ավելի քան 40 տրիլիոն եվրո շուկայական արժեք ունեցող ակտիվներ եւ հանդիսանում է գլոբալ ֆինանսական համակարգի առանցքային օղակներից մեկը ինստիտուցիոնալ ներդրողների, միջազգային ֆինանսական հաստատությունների ու պետական կառույցների համար։ Euroclear-ի հաճախորդ դառնալը կարեւոր քայլ է յուրաքանչյուր երկրի կապիտալի շուկայի զարգացման համար, ինչն ապահովում է շուկայի թափանցիկություն եւ ենթակառուցվածքի կատարելագործում։

Euroclear Bank-ի հաճախորդ դառնալը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համար ենթադրում է․

-    միջազգային ֆինանսական շուկաներ մուտքի ընդլայնում,
-    միջազգային շուկաների լավագույն ծառայությունների ներդրում,
-    Հայաստանի կապիտալի շուկայի մրցունակության զգալի բարձրացում,
-    Հայաստանի կապիտալի շուկայի ճանաչելիության բարձրացում միջազգային ներդրողների համար։

Այս համագործակցությունը կխթանի նաեւ Հայաստանի ֆինանսական շուկայի հնարավորությունների դիվերսիֆիկացիան եւ կնպաստի մեր երկրի ֆինանսական ներգրավվածությանը եվրոպական եւ գլոբալ շուկաներում։

«Euroclear Bank-ի հաճախորդ դառնալը կարեւոր քայլ է մեր ռազմավարական զարգացման ճանապարհին։ Սա ոչ միայն բարձրացնում է Հայաստանի կապիտալի շուկայի միջազգային ճանաչելիությունն ու վստահությունը, այլեւ ստեղծում է նոր կամուրջներ՝ ընդլայնելով կապերը գլոբալ ֆինանսական շուկաների հետ։ Լիահույս եմ, որ մեր տեղական գործընկերները եւս այս հնարավորությունը առավելագույնս կօգտագործեն ի օգուտ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը։ Մենք հետեւողականորեն կատարելագործելու ենք մեր ենթակառուցվածքը՝ ապահովելով եւ ներմուծելով միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան ծառայություններ»,- ընդգծել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանը։

Այս համագործակցությունը AMX խմբի ավելի քան 2 տարվա հետեւողական աշխատանքի արդյունք է՝ հիմնված թիմի բարձր մասնագիտական կարողությունների եւ շարունակական ինտենսիվ բանակցությունների վրա։ 

Euroclear Bank-ի հետ գործընկերության մեկնարկը AMX խմբի երկարաժամկետ ռազմավարության կարեւոր բաղադրիչներից է՝ ուղղված Հայաստանի ֆինանսական ենթակառուցվածքի միջազգային ինտեգրմանը, շուկայի զարգացմանը եւ ներդրողների համար հասանելիության ընդլայնմանը։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին.

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան տրամադրում է քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Այն հանդիսանում է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն եւ մասնակիցների ռեեստրավարը: «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ սեփականատերն է Հայաստանի ֆոնդային բորսան։ 
Դիտում՝ 3005
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW