Երեւան /Մեդիամաքս/. Չնայած անցած տարվա բոլոր դժվարություններին, “Եվրոթերմ” ՓԲԸ-ին հաջողվել է պահպանել ֆինանսական կայունությունը, եւ դա հանդիսացել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ընկերությանը վերավարկանշելու եւ “Բ” վարկանիշ շնորհելու հիմնական գործոնը:Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է “Եվրոթերմ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը: Նրա խոսքերով, ընկերության նվաճումներից մեկը կապիտալի շրջանառելիության գործակցի բարձրացումն էր մինչեւ 193 օր` 2007 թ. 208 օրվա փոխարեն: Վահե Ղազարյանը նշել է, որ մինչեւ 2008թ. օգոստոս նկատվում էր ընկերության կողմից “Նոյան” ապրանքանիշի ներքո արտադրվող բնական հյութերի, պահածոների, խտացված բանջարեղենի եւ մրգերի արտահանման ծավալների աճ, սակայն Հարավային Օսիայում եւ Աբխազիայում օգոստոսյան իրադարձությունները բացասական ազդեցություն ունեցան անցած տարվա ընդհանուր ցուցանիշների վրա, եւ արդյունքում 2008 թվականին ընկերության արտադրանքի արտահանման ծավալը նվազեց 5 տոկոսով: Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ամերիկյան տնտեսությունում նկատվող լավատեսական միտումները եւ դրա հետ կապված` ԱՄՆ դոլարի ամրապնդումը կարող է հանգեցնել առաջատար համաշխարհային տարադրամների նկատմամբ ՀՀ դրամի փոխարեժքի անկմանը, ինչը դրական ազդեցություն կունենա հայկական ապրանքների մրցունակության եւ արտահանման ծավալների վրա: “Հայրենական ընկերությունների արտադրության ծավալի աճին նպաստող մեկ այլ գործոն կարող է հանդիսանալ ներկրման ծավալները սահմանափակելու եւ ներկրվող ապրանքներին փոխարինող ապրանքատեսակների աճի համար պայմաններ ստեղծելու եղանակով հայրենական արտադրողին պաշտպանելու ՀՀ կառավարության դրական ձգտումը”,- նշել է Վահե Ղազարյանը: Խոսելով համաշխարհային ճգնաժամի պայմաններում ընկերության այս տարվա ծրագրերի մասին` Վահե Ղազարյանն ասել է, որ ՙեթե մեզ հաջողվի պահպանել ցուցանիշները եւ բարձրացնել վաճառքների տեմպը, ապա 2009 թվականը կարելի է հաջողված համարել”:Մեկնաբանելով “Նոյան” բնական հյութերի արտադրությունը Ռուսաստանում կազմակերպելու ծրագրերի մասին հարցին` Վահե Ղազարյանն ասել է, որ “ցավոք, ստեղծված իրադրությունում պետք է սպասել ավելի լավ ժամանակների”: Tweet Դիտում՝ 15126