Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ասել է, որ 2026 թվականին սպասվում է 5.4% տնտեսական աճ՝ գրեթե հասնելով ՀՆԱ 12 տրիլիոն մակարդակին:«Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի աճի կանխատեսումը՝ 2026 թվականին սպասելով 5.5% տնտեսական աճ: Վերջին հինգ տարվա արդյունքներով՝ մենք արձանագրել ենք միջինում 7.6% տնտեսական աճ։ Ուրախ եմ ասել, որ ՀՆԱ 5.4% աճի կանխատեսումը այլեւս սենսացիա չէ։ Հատկանշական է, որ տնտեսական աճը Հայաստանի կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ ներառական է եղել, այն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից միջին աշխատավարձերի գնաճի տեմպերը էապես գերազանցող աճով, ինչպես նաեւ անհավասարության եւ աղքատության մակարդակի նվազմամբ»,- Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասել է նախարարը: Նրա խոսքով՝ 2024 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով՝ կազմելով 21.7%, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.1%-ից նվազել է 0.6%-ի:«Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի 4.5%-ը 2025 թվականի 5.5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչեւ պարտքի բեռը կայուն պահող 2,8%: Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը եւ պահպանել պետական պարտքը կայուն եւ կառավարելի տիրույթում միջնաժամկետ հատվածում՝ այն պահպանելով 50%-ին մոտ շրջանակում։Պարտքն ուղղվում է մեր պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, այսինքն՝ հայաստանցիների հարստանալու եւ իրենց բարեկեցության բարձրացման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:Նա նշել է, որ Հայաստանի պետական պարտքը ավելացել է 80%-ով. «Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք 1.5 տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը, ապա պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատել 58%-ով, օրինակ՝ պաշտպանության ծախսը պիտի կրճատել 429 միլիարդ դրամով»: Tweet Դիտում՝ 963