Համագործակցության պայմանագիր՝ imID-ի եւ SK ID Solutions-ի միջեւ․ Հայաստանում կներդրվի imID Digital ID App-ը

03.10.2025 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
Թվային վստահության նոր մշակույթ Հայաստանում, միջազգային ստանդարտներին համապատասխան լուծումներ, անվտանգ ու ապահով թվային ինքնության ծառայություններ քաղաքացիների, բիզնեսների եւ պետական հաստատությունների համար․ imID-ն իր հստակ քայլերն է կատարում դեպի վստահելի թվային հասարակության ձեւավորում։ 

Հոկտեմբերի 2-ին մեկնարկեց Հայաստանում վստահության ծառայություններ մատուցող imID եւ էստոնական առաջատար վստահության ծառայությունների մատակարար SK ID Solutions ընկերությունների միջեւ ռազմավարական համագործակցությունը։ Այն պաշտոնապես ամրապնդվեց պայմանագրի ստորագրմամբ եւ համատեղ մամուլի ասուլիսով, որը կայացավ Երեւանում՝ imID-ի կենտրոնական գրասենյակում։ 

SK ID Solutions ընկերության հետ համագործակցության շնորհիվ imID-ն իր արդի տեխնիկական ենթակառուցվածքի վրա կտեղայնացնի SK ID Solutions-ի՝ միջազգային փորձով ապացուցված առաջադեմ տեխնոլոգիան (split key) եւ կթողարկի imID Digital ID App հավելվածը։ Նոր լուծումը քաղաքացիներին, բիզնեսներին եւ պետական կառույցներին կտրամադրի ինքնության անվտանգ եւ ապահով հաստատման, իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային ստորագրությունների ծառայություններ, ինչպես նաեւ անխափան մուտք կապահովի դեպի թվային տնտեսություն։ 

«Այժմ, երբ գործարկել ենք վստահության ծառայությունների մեր ենթակառուցվածքը, imID-ն պատրաստ է կատարելու իր հաջորդ քայլը, այն է՝ նոր սերնդի հավելվածի միջոցով յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել ապահով եւ անվտանգ թվային ինքնություն։ Պետական կառույցների, ինչպես նաեւ առաջատար մասնավոր հատվածի հետ սերտ գործընկերությամբ այս նախաձեռնությունը ոչ միայն հնարավորություն է տալիս օգտվել անխափան թվային ծառայություններից, այլ նաեւ Հայաստանը դիրքավորում է որպես ապագայամետ թվային հասարակություն, որը պատրաստ է դառնալ համաշխարհային թվային էկոհամակարգի մի մասը»,- նշել է imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը։

Ռազմավարական այս համագործակցությունը համընթաց է Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին եւ ապահովում է անվտանգ հասանելիություն մի շարք թվային ծառայությունների բանկային, հեռահաղորդակցման եւ պետական ոլորտներում։ Այն նաեւ ապահովում է Հայաստանի վստահության ծառայությունների էկոհամակարգի ամբողջական համապատասխանությունը ԵՄ eIDAS ստանդարտներին՝ հիմք ստեղծելով միջազգային ճանաչման եւ ապագա միջազգային փոխգործակցության։ 

SK ID Solutions-ի գլխավոր գործադիր տնօրեն Կալեւ Փիհլը նշել է․ «Ուրախ ենք համագործակցել imID-ի հետ եւ մեր ներդրումն ունենալ Հայաստանի թվայնացմանն ուղղված այս կարեւոր եւ հավակնոտ ծրագրում։ Քսան տարվա մեր փորձառությունը ցույց է տվել, որ հաջողությունն արդյունավետ առաջնորդություն է պահաջում, ինչն էլ տեղական շուկայում նոր կապերի ստեղծման եւ կամուրջների կառուցման հիմքն է։ Սա այն է, ինչ imID-ն ապացուցում է իր գործունեությամբ։ Հայաստանը տարածաշրջանում թվային հաբ դառնալու մեծ ներուժ եւ հավակնություն ունի, իսկ imID-ի ռազմավարական տեսլականն այն ամբողջովին իրատեսական է դարձնում։ Միջազգային փորձի տեղայնացմամբ Հայաստանում կստեղծվի imID Digital ID App-ը եւ իր երկարաժամկետ ազդեցությունը կունենա ինչպես քաղաքացիների եւ բիզնեսների, այնպես էլ պետական կազմակերպությունների համար։ Լիահույս ենք, որ այս քայլով կդրվի մեր երկու ընկերությունների միջեւ երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցության առաջին հիմնաքարը»։

SK ID Solutions–ի ընտրությունը որպես imID–ի գործընկեր պայմանավորված է ընկերության՝ անվտանգ թվային ինքնության ոլորտում ավելի քան երկու տասնամյակի առաջատար փորձառությամբ։ 2001 թվականին Էստոնիայում հիմնադրված SK ID Solutions–ը Եվրոպայի առաջատար վստահության ծառայությունների մատակարարներից է եւ Եվրոպայում  ամենատարածված թվային ինքնության գործիքներից մեկի՝ Smart-ID-ի հեղինակը, որն ունի ավելի քան 4 միլիոն օգտատեր։ Որպես ԵՄ eIDAS կարգավորմամբ որակավորված վստահության ծառայությունների մատակարար (QTSP)՝ ընկերությունն ամսական ապահովում է ավելի քան 80 միլիոն անվտանգ գործարք եւ սպասարկում ավելի քան 1,100 պետական եւ մասնավոր կառույցների 30–ից ավելի երկրներում։

Այս կարեւոր նախաձեռնությամբ imID-ն վստահաբար շարունակում է իր առաքելությունը՝ ապահովելու քաղաքացիներին եւ կազմակերպություններին վստահելի թվային ծառայություններով եւ Հայաստանը դիրքավորելու որպես թվային ինքնության եւ վստահության ծառայությունների ոլորտում առաջատար:

***

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի առաջատար տասը բանկերի եւ երեք հեռահաղորդակցության ընկերությունների միավորմամբ․ նպատակն է Հայաստանում թվային ինքնության եւ վստահության ծառայությունների նոր մշակույթ եւ ձեւաչափ ստեղծել։ 

imID-ն տրամադրում է անվտանգ եւ հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների եւ պետական մարմինների համար։ Որպես թվային ինքնության մատակարար՝ imID-ն տրամադրում է անվտանգ թվային ID-ներ քաղաքացիներին՝ հնարավորություն տալով իրականացնել վստահելի եւ հաստատված գործարքներ թվային միջավայրում։

Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։

Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին եւ պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում եւ ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով։

Վերջերս imID–ն ներկայացրել է MobileID eSIM ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին eSIM–ի կիրառող սարքերով հասանելիություն ունենալ թվային ինքնության ծառայություններին՝ առանց ֆիզիկական SIM քարտի անհրաժեշտության։ Ընկերությունը ձեռք է բերել նաեւ Հայաստանի Mobile ID ծառայությունը՝ միավորելով հեռահաղորդակցության վրա հիմնված ինքնության ենթակառուցվածքը մեկ միասնական հարթակի ներքո եւ ապահովելով ինքնության ծառայությունների անխափան հասանելիություն ողջ երկրի տարածքում։

Թե՛ փաստաթղթերի ստորագրման, եւ թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման եւ գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

imID-ի նպատակն է նախ Հայաստանում, ապա ողջ աշխարհում մարդկանց հնարավորություն տալ անվտանգ եւ արդյունավետ կերպով օգտվել վստահության թվային ծառայություններից ու պրոդուկտներից, որոնք բարելավում են թվային աշխարհի հետ հուսալի եւ անխափան հաղորդակցությունը:
Դիտում՝ 5030
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW