Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է՝ կայացվել է «ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային»:«Մենք բազմակողմանի քննարկել եւ այդ որոշումը կայացրել ենք: Հաջորդ հարցը՝ ո՞ւմ հետ ենք կառուցելու: Մենք ուզում ենք ստանալ առաջարկներ, եւ այսօր նման խոսակցություն ունենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի եւ Ֆրանսիայի հետ: Մենք ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չենք դնում, մենք ասում ենք՝ կոմերցիոն եւ տնտեսական շահավետության առումով պետք է նայենք՝ որ առաջարկն է մեզ ձեռնտու, ընտրություն կատարենք ըստ այդմ»,- Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա նշել է, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում պետք է որոշում կայացնել եւ պայմանագիր կնքել.«Բայց այդ որոշումը չի ունենալու աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական ենթատեքստ, որովհետեւ մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր եւ դա ուզում ենք առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով եւ նաեւ ներդրման հետգնման հնարավորինս կարճ ժամկետով»: Tweet Դիտում՝ 1683