ԿԲ-ն պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ գնաճի 3% նպատակի ապահովման համար

16.09.2025 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ Կենտրոնական բանկ #գնաճ #վերաֆինանսավորման տոկոսադրույք
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) փոխանցմամբ՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ արագացել է՝ օգոստոսին կազմելով 3.6%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը եւս ավելացել է՝ կազմելով 3.7%: 

«2025 թվականի երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաեւ գնաճի արագացման ռիսկերն ավելացել են: ԱՄՆ-ի առեւտրային քաղաքականության եւ դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ մեծ անորոշությունը պահպանվում է: Բարձր են մնում միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման եւ երկարաժամկետ տոկոսադրույքների աճի շուրջ անորոշությունները: Միեւնույն ժամանակ, աշխարհաքաղաքական եւ միջազգային առեւտրային հարաբերություններում լարվածության հնարավոր աճը շարունակում է մատակարարման շղթաների խաթարման եւ համաշխարհային տնտեսությունում գնաճային ճնշումների ձեւավորման ռիսկերի աղբյուր հանդիսանալ: Ավելին՝ տարեսկզբից, հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված, պարենի միջազգային գների աճը եւ նման միտումների պահպանումը կարող են համաշխարհային գնաճի արագացման ռիսկերի հիմնական աղբյուրը լինել: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձեւավորման եւ մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները»,- ասված է հաղորդագրության մեջ: 

ԿԲ-ում նշել են, որ 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է, ընդ որում՝ պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված ճյուղերի աճը գերազանցել է որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը: 2024 թվականին եւ 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դանդաղումից հետո, 2025 թվականի երկրորդ եւ երրորդ եռամսյակներում արձանագրվել է ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ: Միեւնույն ժամանակ, աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաեւ ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ մեծ անորոշությունները պահպանվում են: Նման իրավիճակում, պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռեւս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումներն առավելապես պայմանավորված են առաջարկի որոշ գործոններով: Զուգահեռաբար՝ աշխատավարձերը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումներն աստիճանաբար կայունանում են: Միաժամանակ, միջնաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի վրա ընդլայնման ուղղությամբ ազդեցության ռիսկեր: 

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչեւ 6.25%: 

Քննարկված ռիսկերի եւ առկա մեծ անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, Խորհուրդը դիտարկել է քաղաքականության մի շարք սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությամբ համաշխարհային եւ ներքին չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաեւ ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձեւավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ անշարժ գույքի գների հնարավոր, աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձեւավորման ու խորացման եւ համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքների ավելի ցածր ուղի: 

«Արդյունքում՝ կարեւորելով Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար»,- եզրափակել են ԿԲ-ում:  
Դիտում՝ 2441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW