«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրի մասնակից 10 ուսանող կստանա ֆինանսավորում Բիբլոս Բանկ Արմենիայից՝ իրենց ընտրած մասնագիտացումը ստանալու համար։Բանկից հայտնել են, որ ուսանողներն ստանում են ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական կրթություն տարբեր ոլորտներում՝ ներառյալ մանկավարժություն, հրուշակագործություն, զբոսաշրջություն եւ այլն:Բանկի եւ հիմնադրամի միջեւ համագործակցությունն ուսանողներին թույլ է տալիս բարելավել իրենց կյանքի որակը կրթության եւ գործնական հմտությունների միջոցով:«Կրթությունը կյանքեր փոխելու յուրահատուկ կարողություն ունի, եւ մենք հպարտությամբ ենք աջակցում երիտասարդներին անկախության ու ինքնադրսեւորման իրենց ճանապարհին։ Բիբլոս Բանկ Արմենիայի ԿՍՊ ծրագրերի նպատակն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի երիտասարդները կարողանան հասնել իրենց նպատակներին։ Այս համագործակցությունը բարեգործություն չէ, այլ՝ արդյունավետ ռազմավարություն, որի շնորհիվ ուսանողները ձեռք կբերեն պահանջված հմտություններ՝ աշխատաշուկա մուտք գործելու եւ հաջողության հասնելու համար»,- նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։«Կրթության եւ մասնագիտական զարգացման հնարավորությունների ապահովումը երիտասարդներին հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից է։ Մեզ համար կարեւոր է, որ երիտասարդները ոչ միայն հավատան իրենց ուժերին, այլեւ զգան, որ միայնակ չեն կյանքի այդ փուլում։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ նման համագործակցությունը շատ ավելին է, քան պարզապես աջակցություն։ Այն վստահության եւ համատեղ ներդրման լավագույն օրինակներից է»,- ասել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը։«Նախաձեռնությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարեւոր տարր է։ Մշտապես կարեւորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր եւ կրթական նախագծեր»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6361