2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ հունիսին կազմելով 3.9%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը եւս ավելացել է՝ կազմելով 3.1%: 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաեւ գնաճի արագացման ռիսկերն ավելացել են: Միեւնույն ժամանակ, աշխարհաքաղաքական անորոշությունը եւ միջազգային առեւտրային հարաբերություններում լարվածության աճը շարունակում են մատակարարման շղթաների հնարավոր խաթարման եւ համաշխարհային տնտեսությունում գնաճային ճնշումների ձեւավորման ռիսկերի աղբյուր հանդիսանալ: «Տարեսկզբից, հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված, պարենի միջազգային գների աճը եւ նման միտումների պահպանումը կարող են համաշխարհային գնաճի արագացման ռիսկերի հիմնական աղբյուրներից լինել: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձեւավորման եւ մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները: 2025 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է, ընդ որում՝ պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ճյուղերի աճը գերազանցել է որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Ակտիվության բարձր աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը: 2024 թվականին եւ 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրված կայուն դանդաղումից հետո, արձանագրվել է ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ: Միեւնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաեւ ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: Նման իրավիճակում, պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռեւս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումներն առավելապես պայմանավորված են առաջարկի որոշ գործոններով: Զուգահեռաբար՝ աշխատաշուկայի պայմանները, աշխատավարձերը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումներն աստիճանաբար կայունանում են: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր: Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում, ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.25% մակարդակի շրջակայքում: 05.08.2025 | 12:05 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ Քննարկված ռիսկերի եւ բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, Խորհուրդը դիտարկել է քաղաքականության մի շարք սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է սցենարներ (Ա տիպի), այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրավիճակի եւ հարկաբյուջետային քաղաքականությունների հետ կապված համաշխարհային եւ ներքին չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաեւ ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձեւավորման ռիսկերի առումով, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ, այդ թվում՝ արտաքին պահանջարկի ճշգրտման համատեքստում տնտեսության որոշ հատվածների անհավասարաչափ թուլացման, անշարժ գույքի գների հնարավոր, աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձեւավորման ու խորացման եւ համաշխարհային տնտեսության դանդաղման հեռանկարի վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքների ավելի ցածր ուղի: Արդյունքում՝ արձանագրելով Ա տիպի ռիսկերի ավելացումն ու կարեւորելով դրանցից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2044