Համաշխարհային ֆինանսական մասնատման հետեւանքները

30.07.2026 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Շեբնեմ Քալեմլի-Օզջանը Բրաունի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր եւ «Գլոբալ կապերի լաբորատորիայի» տնօրենն է։ Նա Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ավագ խորհրդականն է եւ Համաշխարհային բանկի՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով նախկին առաջատար տնտեսագետը։

Շեբնեմ Քալեմլի-Օզջան 

Համաշխարհային դրամավարկային կարգը մասնատվում է։ Միացյալ Նահանգների կողմից ֆինանսական պատժամիջոցների յուրաքանչյուր կիրառում բարձրացնում է դոլարի այլընտրանքների արժեքը՝ դիվերսիֆիկացիան վերածելով ռազմավարական ապահովագրության ձեւի։ Սակայն, թեեւ կառավարվող դիվերսիֆիկացիան առողջարար է, անկանոն պայքարը համակարգից դուրս գալու համար՝ ոչ։

Այս դասի մի մասը Եվրոպան սովորեց 2010 թվականին, եւ նրա փորձը շարունակում է մնալ մեր ունեցած լավագույն ապացույցը այն մասին, թե ինչ կարող է եւ ինչ չի կարող ապահովել արժութային միավորումը։ Քանի որ աշխարհաքաղաքական մասնատման մասին բանավեճերը մշտապես վերակենդանացնում են հանգուցյալ տնտեսագետ Ռոբերտ Մանդելի՝ համաշխարհային արժույթի կամ դրա երկու առաջատար արժույթների՝ դոլարի եւ եվրոյի ժամանակակից տարբերակի մասին երազանքը, մենք պետք է հաշվի առնենք եվրոյի օգտագործման իրական փորձը վերջին քառորդ դարի ընթացքում:

Եվրոյի ճգնաժամը դարձավ արժույթի միասնական տարածքի (optimal currency area - OCA) տեսության կատարյալ փորձությունը։ Մանդելը այդ տեսությունը ներկայացրել էր 1961 թվականի իր աշխատության մեջ՝ որպես հիմնական չափանիշներ առանձնացնելով արտադրության գործոնների (հատկապես՝ աշխատուժի) շարժունակությունը, բյուջետային փոխանցումները եւ ցնցումների համաչափությունը։ Պարզվեց, որ հենց այս ասպեկտներն էին, որոնց տեսանկյունից վիճարկվելու էր եվրոգոտու կայունությունը։ Առանց բյուջետային միության եւ աշխատուժի բավարար շարժունակության՝ արժութային միությունը, բախվելով ասիմետրիկ ցնցումների, իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես կանխատեսում էր տեսությունը. այն փոխանցեց այն սթրեսը, որը չէր կարող կլանել։ Այսպիսով, ճգնաժամը, թվում էր, հաստատում էր Մանդելի OCA տեսությունը։

Ռոբերտ Մանդելը

Իհարկե, OCA չափանիշները ժամանակի ընթացքում անփոփոխ չեն մնում, այլ ձեւավորվում են հենց տնտեսական ինտեգրման գործընթացի արդյունքում։ 2001 թվականին հրապարակված հոդվածում ես եւ իմ գործընկերները ցույց տվեցինք, որ ավելի մասնագիտացված արտադրական կառուցվածք ունեցող տարածաշրջաններն ու երկրներն ունեն արտադրանքի տատանումներ, որոնք ավելի քիչ են համընկնում մյուս տարածաշրջանների եւ երկրների տատանումների հետ։ Կապիտալի շուկաների ինտեգրման արդյունքում նման մասնագիտացման առաջացման վերաբերյալ մեր ավելի վաղ եզրակացության հետ համադրելով այս արդյունքը՝ մենք եզրակացրինք, որ ֆինանսական ինտեգրումը մեծացնում է ցնցումների ասիմետրիան։

Այնուհետեւ, 2003 թվականին հրապարակված մեր հոդվածում մենք նկարագրեցինք այս օրինաչափության մեխանիզմը՝ ցույց տալով, որ որքան մեծ է խմբի՝ ռիսկը կիսելու կարողությունը՝ լինի դա Գերմանիայի շրջանների, ԱՄՆ նահանգների կամ ԵՄ երկրների դեպքում, այնքան ավելի շատ են նրա անդամները կարողանում մասնագիտանալ եւ առեւտուր անել։ Այսպիսով, ապահովագրությունը խթանում է մասնագիտացումը, մասնագիտացումը՝ առեւտուրը, իսկ առեւտուրը՝ արտադրանքի ավելի մեծ ասիմետրիան։ Մանդելի տեսության էմպիրիկ հետեւությունն այն է, որ ֆեդերացիաների կազմում գտնվող տարածաշրջանները լայնորեն կիսում են ռիսկերը եւ մեծապես մասնագիտանում, մինչդեռ ինքնիշխան երկրները գրեթե չեն կիսում ռիսկերը։ Այս մեկնաբանության համաձայն՝ եվրոն դեռեւս չի կարող համարվել OCA։ Այն ուներ ինտեգրացիա, որը խթանում էր մասնագիտացումը եւ ասիմետրիան, սակայն չուներ դաշնային ապահովագրության մեխանիզմ, որը թույլ կտար այդ ասիմետրիան դարձնել կենսունակ։

Առանց նման ապահովագրության միասնական արժույթը սխալ է բաշխում կապիտալը, ինչը հանգեցնում է արտադրողականության նվազման։ Ինչպես ցույց ենք տալիս 2017 թվականին հրապարակված հոդվածում, տոկոսադրույքների կոնվերգենցիան, որն ուղեկցեց եվրոյի ներդրմանը, էժան կապիտալի հոսք ուղղեց դեպի Իսպանիա, Իտալիա եւ Պորտուգալիա՝ հենց այն «վայրընթաց» հոսքը, որը կանխատեսում էր դասագրքային տեսությունը։ Սակայն դասագրքային տեսությունը նաեւ կանխատեսում էր, որ այս կապիտալը կուղղվի իր ամենաարդյունավետ օգտագործմանը, ինչը տեղի չունեցավ. սա դարձավ ոչ ռացիոնալ տեղաբաշխման օրինակ։ Չափազանց մեծ ֆինանսական սահմանափակումներ ունեցող տնտեսություններում կապիտալի արժեքի նվազումը ներդրումները ուղղեց դեպի բարձր զուտ արժեք ունեցող ընկերություններ, այլ ոչ թե դեպի առավել բարձր արտադրողականություն ունեցողները։ Քանի որ ընկերությունների միջեւ կապիտալի եկամտաբերության տարբերությունը մեծացավ, գործոնների ընդհանուր արտադրողականությունը նվազեց։

Այս օրինաչափությունը նկատվում է Իսպանիայում, Իտալիայում եւ Պորտուգալիայում, սակայն ոչ Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Նորվեգիայում, որտեղ ֆինանսական շուկաներն ավելի զարգացած են։ Եվրոն ոչ միայն իր անդամներին ենթարկեց ասիմետրիկ ցնցումների, որոնցից նրանք չէին կարող ապահովագրվել, այլեւ ներգրավված կապիտալը համակարգված կերպով սխալ բաշխվեց՝ նվազեցնելով ծայրամասային երկրների արտադրողականությունը։ Այսպիսով, այս մեխանիզմները բացատրում են, թե ինչու է դրամական միության ստեղծումը գործնականում շատ ավելի դժվար եղել, քան դրա ճարտարապետները հույս ունեին։ Այնուամենայնիվ, կարո՞ղ է աշխարհը միավորվել դոլար-եվրո կայուն դուոպոլիայի շուրջ։ Ներկայիս միտումները ցույց են տալիս՝ ոչ։ Աշխարհաքաղաքական մասնատումը համակարգը մղում է դեպի բազմաթիվ արժութային բլոկների, այլ ոչ թե մեկ կամ երկու կենտրոնական բանկերի ստեղծում։ Այսօրվա քաղաքական տրամաբանությունը նախապատվությունը տալիս է յուրաքանչյուր երկրի դրամական ինքնիշխանության ամրապնդմանը, այլ ոչ թե դրա փոխանցմանը։

Եվրոպական պատմության ընդհանրացված տարբերակը նաեւ ֆինանսական գլոբալացման վերջին չորս տասնամյակների պատմությունն է։ 1990-ականներին գլոբալացման դասագրքային փաստարկը խոստանում էր, որ կապիտալը կհոսի հարուստ տնտեսություններից դեպի ավելի աղքատ տնտեսություններ՝ հավասարեցնելով եկամուտները եւ արագացնելով կոնվերգենցիան։ Փոխարենը, տեղի ունեցավ այն, ինչ Ռոբերտ Լուկասը 1990 թվականին անվանեց պարադոքս։ Զարգացած տնտեսություններից դեպի զարգացող երկրներ կապիտալի հոսքի փոխարեն՝ Չինաստանի խնայողությունները հոսեցին դեպի ԱՄՆ՝ առաջացնելով կայուն անհավասարակշռություններ եւ ներքին դժգոհություններ, որոնք այժմ ձեւավորում են ԱՄՆ առեւտրային քաղաքականությունը։ Նմանապես, ինտեգրացիան, ենթադրաբար, պետք է թույլ տար երկրներին ապահովագրել միմյանց ցնցումներից։ Փոխարենը, տարբեր երկրներում սպառումն ավելի քիչ փոխկապակցված մնաց, քան արտադրությունը։ Դա հակառակն էր այն բանի, ինչ կանխատեսում է արդյունավետ ռիսկերի բաշխման տեսությունը։ Առանց ապահովագրության աշխարհը վարակվեց։


Իսկ ի՞նչ կասեք ներկայիս թվային արժույթի հեղափոխության մասին։ Միամիտ մեկնաբանությունը այն ներկայացնում է որպես գլոբալ միասնական արժույթի ստեղծման խթանիչ, սակայն գործնականում հակառակն է տեղի ունենում։ Stablecoin-ները՝ միջսահմանային թվային փողի ամենաարագ զարգացող ձեւը, մոտ 97%-ով դոլարային են, իսկ ԱՄՆ օրենսդրությունն այժմ միտումնավոր ուղղորդում է թվային դոլարի զարգացումը դեպի մասնավորների կողմից թողարկվող՝ գանձապետական պարտատոմսերով ապահովված թոքեններ՝ դոլարի դիրքերն ամրապնդելու հստակ ռազմավարական նպատակով։ Ի պատասխան՝ Չինաստանի e-CNY-ն, իսկ հնարավոր է՝ ապագա թվային եվրոն եւս, կառուցվում է որպես ազգային դրամական ինքնիշխանության գործիք՝ դոլարային համակարգից դուրս գործող վճարային ուղիներ ստեղծելու հստակ նպատակով։ Տեխնոլոգիան, որը սկզբունքորեն կարող էր ստեղծել Մանդելի միասնական համաշխարհային արժույթը, փոխարենը խորացնում է դոլարի գերիշխանությունը եւ ամրապնդում ազգային արժույթների դիրքերը։ Այն մասնատում է, այլ ոչ թե միավորում դրամավարկային կարգը։ Միայն ժամանակի հարց է, թե երբ յուրաքանչյուր երկիր կառաջարկի իր սեփական թվային արժույթը։
Մանդելի ցանկալի նպատակակետն անհասանելի է, քանի որ աշխարհը հեռու է OCA-ից. աշխատուժը ազատորեն չի տեղաշարժվում սահմաններից այն կողմ, չկա համաշխարհային ֆինանսական մարմին, որը ռեսուրսները կփոխանցեր ծաղկող տարածաշրջաններից անկում ապրող տարածաշրջաններ, իսկ ցնցումները տարբեր երկրներում խորապես ասիմետրիկ են։

Միասնական համաշխարհային արժույթը աշխարհի հետ կանի այն, ինչ եվրոն արեց իր ծայրամասային երկրների հետ։ Ժամանակի ընթացքում այն կհանգեցնի ավելի մեծ մասնագիտացման եւ ավելի խորացող ասիմետրիայի՝ առանց որեւէ ֆինանսական միության, որը կկարողանար ապահովագրել այդ ռիսկերից։ Այն մարդը, ով մեզ տվեց OCA-ն գնահատելու գործիքները, միաժամանակ մեզ տվեց միասնական համաշխարհային արժույթի դեմ վճռորոշ փաստարկը։

Միջազգային դրամավարկային համակարգն այսօր լավագույնս կարելի է դիտարկել ոչ թե որպես Մանդելի քարտեզ, որի վրա տարածաշրջանները ընտրում են փոխարժեքի ռեժիմներ, այլ որպես առեւտրային եւ ֆինանսական կապերի ցանց, որի միջոցով տարածվում է դրամավարկային ազդեցությունը։ Նման համակարգում դիմադրողականությունը չի բխի ո՛չ մեկ միասնական համաշխարհային արժույթից, ո՛չ էլ ազգային «ամրոցների» մեջ փակվելուց, այլ ցանցը կազմող կապերի գիտակցված եւ նպատակային կառավարումից։

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       



Copyright: Project Syndicate, 2026.

www.project-syndicate.org 
Դիտում՝ 2341

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW