Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է մասնավոր հատվածի հետ պետության համագործակցույթան հայեցակարգը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն ասել է, որ հայեցակարգի հիմնական նպատակը մասնավոր հատվածի հետ պետության փոխգործակցությունը որակապես նոր ռազմավարական մակարդակ փոխադրելն է: Նրա խոսքերով, հայեցակարգի համաձայն համագործակցության համար կարող են ընտրվել թրասթ-մենեջմենթի, լիզինգի, պայմանագրային կառավարման, կամ Greenfield /կանաչ դաշտ/ մոդելները: Արա Պետրոսյանը նշել է, որ նախապատվությունը կտրվի հանրային ծառայությունների ոլորտում ենթակառուցվածքների ձեւավորմանը /էներգետիկա, տրանսպորտ, հեռահաղորդակցություն/: Փոխնախարարը վստահություն է հայտնել, որ պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը կնպաստի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը, կնվազեցնի ռիսկերն ինչպես պետության, այնպես էլ բիզնեսի համար, ինչպես նաեւ կմեծացնի կոնկրետ ծրագրերի նկատմամբ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը գրավելու հավանականությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ օպերատիվ հակաճգնաժամային շտաբ ստացված ծրագրերից մեկը վերջնական հավանության է արժանացել կառավարության կողմից եւ կարող է կոնկրետ օրինակ ծառայել ընդունված հայեցակարգի փորձարկման համար: Tweet Դիտում՝ 11330