Ներդրվում է ֆինանսական գործարքները կարգավորող ստանդարտ համաձայնագիր

25.06.2025 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ՎԶԵԲ
Կենտրոնական բանկում հունիսի 12-ին կայացել է ֆինանսական գործարքները կարգավորող ստանդարտ պայմանագրի ներդրմանը նվիրված հանդիպում Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ), «Անդերսեն լիգըլ» ընկերության եւ  ֆինանսական շուկայի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կենտրոնական բանկը ՎԶԵԲ-ի տեխնիկական աջակցության եւ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ նախատեսում է ներդնել հայկական իրավունքով կարգավորվող եւ միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագիր, որը կարող է կիրառվել ռեպո, ածանցյալ եւ արժեթղթերի փոխառության գործարքների համար։ 

Պայմանագրի ներդրումը կարող է բարձրացնել տեղական շուկայի մասնակիցների վստահությունը Հայաստանի ֆինանսական շուկաների նկատմամբ։

Ստանդարտ պայմանագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով 2002 թվականի ISDA (International Swaps and Derivatives Association) գլխավոր համաձայնագիրը եւ ISDA  գլխավոր համաձայնագրի՝ 2022 թվականին ներդրված հավելվածը (ISDA արժեթղթերի ֆինանսավորման գործարքները կարգավորող հավելված)։ Մշակված փաստաթուղթը համահունչ է միջազգային լավագույն պրակտիկային եւ հարմարեցված է Հայաստանի օրենսդրական պահանջներին։ Փաստաթուղթը ներքին շուկայի մասնակիցների համար կարող է ապահովել վստահելի իրավական միջավայր, որն էլ իր հերթին կարող է աջակցել Հայաստանի ռեպո, ածանցյալ եւ արժեթղթերի փոխառության գործարքների շուկաների աճին եւ կայունությանը։

Ծրագրի իրավական խորհրդատվությունը եւ ISDA փաստաթղթերի տեղայնացումն իրականացրել է «Անդերսեն լիգըլ» ընկերությունը։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը կարեւորել է ծրագիրը․ «Այս նախաձեռնությամբ նախատեսում ենք Հայաստանում ներդնել ֆինանսական գործարքները կարգավորող ունիվերսալ, ճկուն եւ բարձր որակի ստանդարտ համաձայնագիր։ Այն կարող է ճանապարհ բացել ռեպո, ածանցյալ եւ արժեթղթերի փոխառության՝ լայնածավալ եւ հուսալի գործարքներ իրականացնելու համար թե՛ տեղական, թե՛ միջազգային գործընկերների հետ։ Բացի այդ, այս ստանդարտ պայմանագրով կնքված լայնածավալ բորսայական ռեպո գործարքները կարող են հիմք հանդիսանալ դրամական շուկայի վստահելի ուղենշային տոկոսադրույքի ձեւավորման համար, որը կարեւոր նախապայման է՝ առաջ գնալու եւ մյուս ֆինանսական շուկաները խորացնելու համար»։

«Հայկական օրենսդրությամբ կարգավորվող ստանդարտ համաձայնագրի ներդրումը կարող է խթանել ածանցյալ, ռեպո եւ արժեթղթերի փոխառությունների գործարքների շուկաների զարգացումը՝ դրանով իսկ նպաստելով ֆինանսական հատվածում ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը եւ Հայաստանի տնտեսության կայունությանը»,- ասել է ՎԶԵԲ գանձապետարանի փոխտնօրեն Գուրսու Քելեշը:

Ներդրվող ստանդարտ պայմանագիրը.

•    ճկուն է՝ կարող է կարգավորվել թե՛ հայկական օրենսդրությամբ, թե՛ օտարերկրյա օրենսդրությամբ,
•    ունիվերսալ է՝ կարող է հիմք հանդիսանալ թե՛ ռեպո, թե՛ ածանցյալ, թե՛ արժեթղթերի փոխառությունների (securities lending) գործարքները կարգավորելու համար,
•    «որակյալ» է՝ ապահովում է հստակություն, կանխատեսելիություն եւ վստահություն կողմերի համար՝ լինելով գլոբալ ճանաչում ունեցող եւ միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագրի օրինակ:

Ներդրվող ստանդարտ պայմանագիրը ֆինանսական շուկայի մասնակիցներին կարող է ընձեռել հետեւյալ առավելությունները.

•    հեշտացնել ֆինանսական գործարքների հետ կապված ռիսկերի զսպումը,
•    կրճատել գործարքների համաձայնեցման երկարատեւ եւ բարդ փուլերը,
•    խնայել  անհատական պայմանագրերի պայմանների համաձայնեցմամբ պայմանավորված լրացուցիչ իրավաբանական ծախսերը,
•    նվազեցնել իրավական անորոշությունը,
•    բացել նոր հնարավորություններ՝ միջազգային գործընկերների հետ լայնածավալ եւ վստահելի ֆինանսական գործարքների իրականացման համար։
Դիտում՝ 1865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW