2024-ին ԱրարատԲանկի զուտ շահույթը կազմել է 12,191 մլն դրամ. կայացել է բանկի բաժնետերերի տարեկան ժողովը

19.06.2025 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #տարեկան ժողով

ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանն ասել է, որ «ԱրարատԲանկը 2024թ․-ին ամրապնդել է իր դիրքը՝ որպես վստահելի, մրցունակ, ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ կայուն զարգացում ապահովող ֆինանսական հաստատություն»։ 

ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանն էլ ասել է, որ 2024թ․-ը ոչ միայն հետագա աճի եւ լավ ցուցանիշների, այլեւ՝ «մեր գործընկերների, հաճախորդների հետ հարաբերություններն է՛լ ավելի ամրապնդելու, աշխատակիցների նկատմամբ առավել հոգատար լինելու տարի էր»։

«Պատասխանատվության բարձր մշակույթ ձեւավորելու եւ հաստատության գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու նպատակով բանկը Բաժնետեր-Խորհուրդ-Գործադիր փոխհարաբերություններում խորացրել է իր կորպորատիվ կառավարման մշակույթը։ Հաշվի առնելով հաճախորդների փոփոխվող կարիքները՝ նախորդ տարվա ընթացքում մենք ընդլայնեցինք  թվային ծառայությունները, հետեւողականորեն ներմուծեցինք թվային մտածողություն։ Հավատացած ենք, որ 2024թ․-ին եւս մեկ քայլ արեցինք՝ մեր հանդեպ ցուցաբերված վստահությունն արդարացնելու ուղղությամբ,- ասել է նա:

ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին արձանագրվել է նաեւ, որ «չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնք ժամանակ առ ժամանակ  ազդեցություն եւ հետեւանքներ կարող են ունենալ բանկային համակարգի վրա, 2024 թվականը ԱրարատԲանկի համար շարունակական հաջողությունների տարի էր՝ ինչպես նոր ինստիտուցիոնալ գործակցությունների, այնպես էլ ձեռքբերումների տեսանկյունից»: Ընդլայնվել է բանկի միջազգային գործընկերությունը, իրականացվել են աջակցության տարաբնույթ ծրագրեր, արձանագրվել է ֆինանսական ցուցանիշների աճ։ 

2024թ․-ի տարեկան արդյունքներով բանկի ակտիվները կազմել են 419,489 մլն ՀՀ դրամ։  Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 4.0%-ով կամ 15,993 մլն ՀՀ դրամով: Բանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին աճի տեմպը կազմել է 11.7%։ Ընդհանուր ակտիվներում եկամտաբեր ակտիվների տեսակարար կշիռը կազմել է 85.8%: 

2024թ․-ի տարեվերջի դրությամբ հաճախորդներին տրված վարկերի մնացորդը կազմել է 218,114 մլն ՀՀ դրամ: 2023թ.-ի համեմատ ցուցանիշի ավելացումը կազմել է 8.8% կամ 17,574 մլն ՀՀ դրամ: 2024թ․-ին բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 52.0%-ը, նախորդ տարվա 49.7 %-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկատեսակների գծով արձանագրվել է ծավալների ավելացում (մանրածախ վարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 16.1%-ով, իսկ կորպորատիվ վարկերը` 0.7%-ով):

2024թ.-ի ավարտին բանկի պարտավորությունները կազմել են 349,659 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 1.6%-ով կամ 5,466 մլն ՀՀ դրամով: 

Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 147,093 մլն ՀՀ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների շուրջ 42.1%-ը եւ 2023թ.-ի համեմատ ավելացել են 31.5%-ով։ Մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 27.5%-ով, իսկ իրավաբանական անձանց ավանդները՝ 53.9%-ով:

2024թ.-ի վերջի դրությամբ բանկի սեփական կապիտալը կազմել է 69,830 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 10,526 մլն ՀՀ դրամով կամ 17.7%-ով: Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է շահաբաժինների վճարում։ Ընդհանուր կապիտալի ցուցանիշի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է 2024թ.-ի տարեկան գործունեության արդյունքում գեներացված 12,191 մլն ՀՀ դրամ զուտ շահույթով։ Կապիտալի վրա դրական ազդեցություն է ունեցել նաեւ արժեթղթերի վերագնահատման պահուստների փոփոխությունը։

2024թ.-ի ընդհանուր կապիտալի փոփոխության արդյունքում մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը կազմել է 37,276 ՀՀ դրամ՝ 2023թ.-ի 31,657 ՀՀ դրամ ցուցանիշի համեմատ աճելով 17.7%-ով։

2024թ․-ին բանկի կողմից ստացված զուտ տոկոսային եւ նմանատիպ եկամուտները կազմել են 20,730 մլն ՀՀ դրամ՝ 2023թ․ համեմատ ավելանալով 3,897 մլն ՀՀ դրամով կամ 23.2%-ով:

2024թ․-ին բանկի զուտ շահույթը կազմել է 12,191 մլն ՀՀ դրամ, ավել լինելով նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 1,366 մլն ՀՀ դրամով կամ 12.6%-ով։

«2024թ.-ին ԱրարատԲանկի գործունեությունն ուղղված է եղել լավագույն միջազգային եւ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առեւտրի ֆինանսավորման, ներդրումային եւ թվային բանկինգի ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն»,- ամփոփելով խոսքը՝ նշել է Մհեր Անանյանը: 

«Արդեն ավանդույթ է դառնում ԱրարատԲանկի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին ֆինանսական ցուցանիշներից զատ ներկայացնել նաեւ կորպորատիվ սոցիալական ծրագրերի մասին տեսահաշվետվությունը։

2024-ին ԿՍՊ շրջանակում իրականացվել են տասնյակից ավելի ծրագրեր ռազմավարության առանցքում գտնվող ուղղություններով՝ կրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ձեռնարկատիրություն»,- ասվում է հաղորդագրությունում:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Դիտում՝ 6048
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW