Զուտ շահույթ 28.8 մլրդ ՀՀ դրամ, ակտիվների աճ՝ 18.9%. Ակբա բանկն ամփոփել է տարվա արդյունքները

18.06.2025 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #բաժնետերերի ժողով

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2024 թվականի արդյունքներն ու սահմանել բանկի զարգացման առաջիկա ուղղությունները։ 

2024 թվականին բանկը զգալի առաջընթաց է գրանցել կորպորատիվ կառավարման ոլորտում՝ բարձրացնելով բաժնետերերի եւ ներդրողների վստահությունը։ Այս առումով առանձնահատուկ կարեւորություն ունի Զարգացման ֆրանսիական գործակալության խմբի դուստր ընկերություն Պրոպարկոյի՝ Ակբա բանկի բաժնետեր դառնալու փաստը, ինչը վկայում է Ակբայի նկատմամբ վերջինիս ունեցած բարձր վստահության մասին։ Պրոպարկոն 2024-ին ձեռք է բերել Ակբա բանկի բաժնետոմսերի 10%-ը։

2024-ը նաեւ միջազգային կազմակերպությունների հետ գործընկերության աննախադեպ զարգացման տարի էր. Ակբան կնքել է ռեկորդային վարկային պայմանագրեր եւ ռիսկերի բաշխման գործարքներ.

•    Եվրոպական ներդրումային բանկ (EIB)
•    ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիա (DFC)
•    Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA)
•    Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC)
•    Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ (EBRD)։

Բացի այս, 2024-ին Ակբա բանկն ու American Express-ը նաեւ հայտարարել են իրենց երկարամյա համագործակցության ընդլայնման մասին:

«Բաժնետերերի ընդհանուր ժողովն այն գործիքն է, որի միջոցով բաժնետերը հնարավորություն է ստանում մասնակցել բանկի կառավարմանը։ Այն նաեւ լավ հնարավորություն է շփվելու միմյանց հետ եւ միմյանց ավելի լավ հասկանալու առումով: Ակբան շարունակում է ուժեղ կորպորատիվ կառավարման ընկերություն կերտելու իր առաքելությունը։ Մենք ստեղծում ենք թափանցիկ եւ հաշվետու համակարգ, որտեղ բանկի բաժնետերերի, խորհրդի եւ ղեկավարության լիազորությունները լավ հավասարակշռված են, եւ այդ ամենի շահառուն են ոչ միայն բաժնետերերը, այլեւ բանկի այլ շահակիցները, այդ թվում` բանկի հաճախորդները, բանկի աշխատակիցները, ՀՀ կենտրոնական բանկը, բանկի գործընկերները եւ ավելի լայն հասարակությունը։ Մեր խնդիրն է լավ հասկանալ նրանց շահերը եւ հոգ տանել դրանց մասին»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանը։

«Մենք վայելում ենք միջազգային գործընկերների վստահությունը եւ ուժեղ ենք այն փորձով, որը կարողանում ենք կուտակել իրենց հետ համագործակցության ընթացքում: Ես կարծում եմ, որ սրանով մենք հստակ ուղերձ ենք տալիս, որ բանկը թափանցիկ է եւ կանխատեսելի, եւ բանկի բաժնետոմսերի ձեռքբերումը երկարաժամկետ առումով շատ հաջող  եւ եկամտաբեր ներդրում է»,- ասել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբան տարեցտարի գրանցում է կայուն աճ հիմնական բիզնեսի, շահույթի, հաճախորդների թվաքանակի եւ թվային տեխնոլոգիաների զարգացման առումով։ Եթե միջինացնենք, ապա մենք 4-5 տարվա ընթացքում կրկնապատկել ենք մեր բիզնեսը,  ինչը նշանակում է, որ աճը կազմում է տարեկան 15-20%»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։

2024թ. ֆինանսական հիմնական արդյունքներ.

•    Զուտ շահույթ- 28.8 մլրդ ՀՀ դրամ, 
•    Ակտիվների աճ- 18.9%՝ հասնելով 931.7 մլրդ ՀՀ դրամի
•    Կապիտալի աճ- 22.8%՝ հասնելով 163.4 մլրդ ՀՀ դրամի
•    Վարկային պորտֆելի աճ- 16.8%՝ հասնելով 629.3 մլրդ ՀՀ դրամի
•    Ավանդների եւ թողարկված պարտատոմսերի աճ- 18.9%՝ հասնելով 623.5 մլրդ ՀՀ դրամի
•    Շուկայի առաջատար՝ POS-տերմինալների, բանկոմատների եւ թողարկված քարտերի քանակով
•    acba digital օգտատերերի թիվը աճել է 37.9%-ով՝ հասնելով շուրջ 530,000-ի։

«Ակբա բանկի 2025թ. ռազմավարության առանցքում են նորարարությունը, ներքին արդյունավետությունն ու կայուն զարգացումը։ Նախատեսվում է էապես զարգացնել թվային հարթակների հնարավորությունները՝ ներդնելով նոր ծառայություններ եւ վերլուծական գործիքներ։ Ակբան վստահությամբ է նայում ապագային՝ շարունակելով ամրապնդել իր դիրքերը ֆինանսական շուկայում, ստեղծելով երկարաժամկետ արժեք իր բաժնետերերի եւ ողջ հասարակության համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



Դիտում՝ 1832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW