Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 10 միլիոն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական եւ առեւտրային խախտումների համար։ ՀԾԿՀ-ից հայտնել են, որ 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացվել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված եւ հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ «Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների եւ դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության եւ սպառողների իրավունքների խախտման հետ։Մասնավորապես՝2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ ինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առեւտրային բոլոր հաշվիչները պետք է փոխարինված լինեին էլեկտրոնային (ավտոմատ գրանցմամբ) հաշվիչներով, որոնք ապահովում են նաեւ էլեկտրաէներգիայի ռեակտիվ բաղադրիչի հաշվառումը (ԷԲՑ կանոնների 241-րդ կետ)։Հաշվիչները 30 րոպեանոց միջակայքում պետք է գրանցեն լարման մակարդակը եւ հզորության գործակիցը (cos.), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ):Էլեկտրաէներգիայի նախորդող ամսվա ծախսը պետք է գրանցվի էլեկտրոնային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող ցուցմունքով ավտոմատացված ռեժիմում (պետք է բացառվի տեսուչի կողմից ամսվա սկզբի եւ վերջի ցուցմունքների տարբերությամբ ծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ):Ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։ Արդյունքում՝ Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը՝ 10 միլիոն դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկամսյա ժամկետում։Հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները, համապատասխան դեպքերում վճարել տույժ՝ սպառողների իրավունքների խախտման համար եւ մեկամսյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն»,- ասված է ՀԾԿՀ հաղորդագրությունում:Ավելի վաղ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»։ Tweet Դիտում՝ 1081