Երեւան /Մեդիամաքս/. Հունվարի 26-ին “Կոնվերս Բանկ” ՓԲԸ միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման առաջին տրանշը ներառվել է Հայաստանի ֆոնդային բորսայի /ՀՖԲ/ Bbond ցուցակում: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են ՀՖԲ մամլո ծառայությունում, ցուցակվել է բանկի 10 հազ. պարտատոմս` 30 հազ. դրամ անվանական արժեքով եւ տարեկան 10,64% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Թողարկումը մարման է ենթակա 2011թ. դեկտեմբերի 16-ին: Պարտատոմսերին շնորհվել է CVBKB1 բորսային հապավումը: “Կոնվերս Բանկը” անցած տարվա դեկտեմբերի 11-ին հայտարարել էր միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման եւ առաջին տրանշի տեղաբաշխման մասին: Թողարկման ընդհանուր ծավալը 1,5 մլրդ դրամ է, պատատոմսերի քանակը` 50 հազ. հատ, յուրաքանչյուր պարտատոմսի անվանական արժեքը 30 հազ. դրամ է, մարման ժամկետը` 3 տարի: “Կոնվերս Բանկի” պարտատոմերի 300 մլն դրամ ծավալով առաջին տրանշի 2008թ. դեկտեմբեի 16-ին սկսված տեղաբաշխումն ավարտվել է դեկտեմբերի 25-ին: Անցած տարվա դեկտեմբերին “Կոնվերս Բանկի” ֆինանսական շուկաների կառավարման պետ Տիգրան Դավթյանը հայտնել էր, որ բանկի պարտատոմսերը ձեռք են բերել 29 ներդրողներ, որոնց թվում եղել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: “Թողարկման 1.2 մլրդ դրամի չափով մնացած մասի տեղաբաշխումը նախատեսվում է անցկացնել 2009թ. ընթացքում”,- ասել էր Տիգրան Դավթյանը: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ: Բանկի ողջ թողարկումը շրջանառվելու է Հայաստանի ֆոնդային բորսայում, թողարկման տեղաբաշխողը “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ” ընկերությունն է: Tweet Դիտում՝ 10857