ՀՀ ԿԲ. 2025թ. երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճն արագացել է

17.06.2025 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /
2025 թվականի հունիսի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%: 

2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը եւս ավելացել է՝ կազմելով 2.8%: 

«2025 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաեւ գնաճի արագացման ռիսկերն ավելացել են: ԱՄՆ տնտեսական, հատկապես առեւտրային քաղաքականության, եւ դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Միջազգային առեւտրային հարաբերությունների լարվածությամբ, աշխարհաքաղաքական հակամարտությունների, հատկապես Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված՝ առաջարկի եւ մատակարարման շղթաների հնարավոր խաթարման ռիսկերն էապես աճել են: Բարձր են միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման եւ երկարաժամկետ տոկոսադրույքների աճի չափի շուրջ անորոշությունները: Այս համատեքստում, հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռեւս պահպանվող խիստ պայմանները եւ բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները դանդաղ տեմպերով»,- ասված է ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ: 

2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Ակտիվության աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Միեւնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաեւ ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել: Ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ արագացումը առավելապես պայմանավորված է առաջարկի որոշ գործոններով: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր: 

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում, ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներն ընդհանուր առմամբ ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.25% մակարդակի շուրջ: 

Քննարկված ռիսկերի եւ բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, Խորհուրդը դիտարկել է քաղաքականության մի շարք սցենարներ: Մի կողմից՝ քննարկվել են սցենարներ (Ա տիպի), այդ թվում՝ կապված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ ՀՀ-ում հարկաբյուջետային քաղաքականության զարգացումների պայմաններում ՀՀ չեզոք տոկոսադրույքի հնարավոր աճի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի՝ գնաճային ռիսկերի չեզոքացման ու գների կայունության նպատակի ապահովման համար։ 

Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ տիպի), այդ թվում՝ կապված արտաքին պահանջարկի շարունակվող ճշգրտման պայմաններում տնտեսության առանձին հատվածներում աճի անհամաչափ դանդաղման եւ պահանջարկի միջավայրի լրացուցիչ թուլացման ռիսկերի ձեւավորման հետ, որոնք ենթադրում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու եւ գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար: 

Արդյունքում՝ արձանագրելով Ա տիպի ռիսկերի ավելացումն ու կարեւորելով դրանցից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար:
Դիտում՝ 965
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW