Զբաղվածության նոր ծրագիր՝ անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար

12.06.2025 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբաղվածության ծրագիր
Սյունիքի եւ Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ծրագրի շրջանակում գործատուներին կտրամադրվի աջակցություն տվյալ մարզերում շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղությամբ՝

•    ուսուցում եւ աշխատանքի տեղավորում,
•    աշխատանքային փորձի ապահովում եւ աշխատանքի տեղավորում,
•    աշխատանքի տեղավորում՝ աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։

Աջակցության 1-ին ուղղությամբ՝ կարճաժամկետ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում (մինչեւ 5 ամիս ֆորմալ կրթություն), շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչեւ 250,000 դրամ։ Գործատուն կորոշի, թե որտեղ եւ ինչ գիտելիք կստանա շահառուն՝ հաշվի առնելով, որ վերջինս պետք է աշխատի տվյալ գործատուի մոտ: Ծրագրի միջոցով պետությունը գործատուին կփոխհատուցի կրթական ծախսերը։

Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի եւ շահառուի միջեւ առնվազն 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին 6 ամիս ժամկետով ամսական մինչեւ 50,000 դրամի չափով կտրվի շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի եւ պարտադիր վճարների փոխհատուցում։

Աջակցության 2-րդ ուղղությամբ՝ նախատեսվում է գործատուի եւ շահառուի միջեւ առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում եւ՝

•    առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար՝ ամսական 165,000 դրամ՝ ներառյալ հարկերը եւ պարտադիր վճարները,
•    գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերը եւ պարտադիր վճարները փոխհատուցելու համար։
Աջակցության 3-րդ ուղղությամբ՝ ամենամսյա մասնակի փոխհատուցում կտրամադրվի այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի անապահով ճանաչված շահառուի հետ: Ընդ որում՝
•    աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը,
•    իսկ աշխատանքային պայմանագիրը 12 եւ ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամը:

Ծրագրով նախատեսված է նաեւ ռիսկերի զսպման մեխանիզմ՝ որոշակի դեպքերում ֆինանսական միջոցների հետգանձում՝ եւ՛ գործատուից, եւ՛ շահառուից։  
Դիտում՝ 2103
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW