Երեւան /Մեդիամաքս/. Lycos Armenia ընկերությունը 2009թ. ապրիլին իր 213 աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին պաշտոնական հայտ է ներկայացրել: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում ասել է ՀՀ աշխատանքի եւ զբաղվածության նախարարությանը կից “ՀՀ զբաղվածության պետական ծառայության” գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանը: Ներկայացնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ աշխատանքի շուկայում տիրող իրավիճակը` նա նշել է, որ հունվարի 20-ի դրությամբ երկրում կրճատվել է 414 մարդ, 1603-ը ստացել է հեռացման վերաբերյալ նախազգուշացում, իսկ 1069-ը աշխատանքից ազատվել են սեփական ցանկությամբ: Սոնա Հարությունյանը տեղեկացրել է, որ հիմնականում հեռացումներ են եղել Armenian Copper Program ընկերությունում (84 աշխատակից), “ԱրմենՏել” ՓԲԸ-ում (82 աշխատակից) եւ ՀՀ տեղեկատվության գիտատեխնիկական կենտրոնում (180 աշխատակից):“ԱրմենՏելի” մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ընդգծել է, որ նշված կրճատումները որեւէ կապ չունեն ճգնաժամի հետ: “Ընկերությունն արդեն կես տարուց ավել վերակազմավորում է անցկացնում` վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ծառայության մակարդակի բարելավման, ինչպես նաեւ տեխնիկական համակարգերի արդիականացման նպատակով”,- ասել է Անուշ Բեղլոյանը: Նա նաեւ նշել է, որ “ԱրմենՏելը” ակտիվորեն նոր աշխատակիցներ է ներգրավում` իր կայքում եւ մասնագիտացված կառույցների միջոցով համապատասխան հայտարարություններ տեղադրելով: Սոնա Հարությունյանն այսօր ասել է, որ “ՀՀ զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունում հաշվառված քաղաքացիների թիվը 145 900 է (բնակչության 6.3%-ը): Նա նշել է, որ գործակալությունը գործազուրկ մնացած որոշ մասնագետների զբաղվածության ապահովմանն ուղղված մի շարք թիրախային ծրագրեր է մշակել: Tweet Դիտում՝ 10823