Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից

20.05.2025 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Երեւան #Բաթումի
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքի երթեւեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երեւանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի եւ «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջեւ։

Գնացքը կգործի օրը մեջ՝ զույգ օրերին կմեկնի Երեւանից, կենտ օրերին՝ Բաթումիից։ Երթուղին կգործի մինչեւ հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքի երթեւեկությունը։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է․ «Երեւան-Բաթումի-Երեւան ուղղությունը մնում է պահանջված թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։ Ամառային սեզոնը ուղեւորահոսքի տեսանկյունից ամենաակտիվ շրջանն է, եւ մենք վրացի գործընկերների հետ համատեղ ներդնում ենք բոլոր ջանքերը՝ ապահովելու անվտանգ, հարմարավետ եւ որակյալ սպասարկում։ Բացի այդ, ամառային ամիսներին կգործի նաեւ Երեւան-Սեւան-Շորժա ուղղությամբ էլեկտրագնացք, որը նույնպես մշտապես պահանջված է»։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ պետական մարմինների ներկայացուցիչներ, ովքեր պատասխանատու են սահմանային անցակետերով քաղաքացիների մուտքի եւ ելքի վերահսկման գործընթացի համար։ Քննարկվել են սահմանային եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, որոնք կդյուրացնեն սահմանահատումը երկաթուղային տրանսպորտով։

Քննարկվել է նաեւ ՀԿԵ շարժակազմի հիման վրա զբոսաշրջային գնացքի գործարկման նախագծի հարցը՝ չեխական «Gepard Express» ընկերության նախաձեռնությամբ, որը նախատեսում է գործարկել զբոսաշրջային գնացք՝ 3 օր Հայաստանով եւ 6 օր Վրաստանով, հիմնականում՝ եվրոպացի զբոսաշրջիկների համար։

Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային գնացքն իր կազմում կունենա ժամանակակից վագոններ՝ երեք դասի՝ պլացկարտ, կուպե եւ ՍՎ։ Ճանապարհի տեւողությունը կկազմի մոտ 16 ժամ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Հայաստանի եւ Վրաստանի գլխավոր երկաթուղային կայարաններում, ինչպես նաեւ առցանց՝ www.railway.am կայքի միջոցով։
Դիտում՝ 9628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW