ԱՄՆ-ը կրճատել է աշխատանքը հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարում

21.03.2025 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ռուսաստան #պատժամիջոցներ
Ամերիկյան կողմը կրճատել է համագործակցությունն իր դաշնակիցների հետ հակառուսական որոշ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի հարցում, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։

Նրանք նշել են, որ ԱՄՆ-ը զգալիորեն կրճատել է իր մասնակցությունը մի քանի աշխատանքային խմբում, որոնք ստեղծվել են դաշնակիցների կողմից՝ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու փորձերը կանխելու նպատակով:

Մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները գրեթե չեն մասնակցել այն խմբի աշխատանքներում, որի նպատակն է թույլ չտալ Ռուսաստանին մասեր եւ սարքավորումներ ձեռք բերել, որոնք կարող են օգտագործվել զենք պատրաստելու համար: Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ ամերիկյան կողմը նման վերաբերմունք է ցուցաբերել նաեւ այն խմբի նկատմամբ, որը զբաղվում է Մեծ յոթնյակի կողմից սահմանված ռուսական նավթի գնի առաստաղի պահպանման հարցերով։

Գործակալության զրուցակիցները նշել են, որ չգիտեն՝ արդյոք ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել աշխատանքը այս ոլորտներում, թե՞ պարզապես բավարար անձնակազմ չունի առաջադրանքները կատարելու համար։
Դիտում՝ 8349

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW