Արմսվիսբանկը եւ Եվրոպական ներդրումային ֆոնդը կնքել են €20 միլիոնի երաշխիքային պայմանագիր
04.03.2025 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնում են, որ նոր ֆինանսական միջոցների նպատակն է խթանել Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ աջակցելով փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) եւ կանանց ձեռներեցությանը։
«Այս համագործակցությունը EIF-ի առաջին ծրագրային համագործակցությունն է ՀՀ-ում եւ ունի կարեւոր նշանակություն: Պայմանագրի շրջանակում տրամադրվող երաշխիքները հնարավորություն են տալիս ՓՄՁ-ներին ստանալ ավելի հասանելի եւ ճկուն ֆինանսավորում՝ մեղմ գրավային պահանջներով եւ ավելի երկար վարկավորման ժամկետներով։
Երաշխիքային գործիքը տրամադրվում է Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) եւ Եվրոպական Միության (ԵՄ) աջակցությամբ: Մեկ հաճախորդին հասանելի երաշխիքային գործիքի չափը կարող է հասնել մինչեւ €5 մլն-ի, ինչը հնարավորություն է տալիս այս ծրագրերից օգտվել ոչ միայն ՓՄՁ-ներին, այլեւ՝ միջին եւ խոշոր ընկերություններին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
ԱրմՍվիսԲանկը նախատեսում է ծրագրի 20%-ը հատկացնել կանանց ձեռներեցության խթանմանը՝ կազմակերպելով տեղեկատվական եւ կրթական միջոցառումներ, ինչպես նաեւ հատուկ ֆինանսական ծրագրեր՝ ուղղված կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների զարգացմանը։
Նշվում է, որ համագործակցության արդյունքում բիզնեսներին կտրամադրվեն ավելի մրցունակ պայմաններով ֆինանսական գործիքներ, այդ թվում վարկեր, լիզինգ, ֆակտորինգ եւ բանկային երաշխիքներ՝ դարձնելով ֆինանսավորումը առավել մատչելի եւ արդյունավետ։
«ԱրմՍվիսԲանկը կշարունակի ներդնել միջազգային լավագույն փորձը Հայաստանի ֆինանսական համակարգում՝ իր հաճախորդներին առաջարկելով կայուն եւ նորարարական լուծումներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Եվրոպական Ներդրումային Ֆոնդի մասին
Եվրոպական Ներդրումային Ֆոնդը (European Investment Fund, EIF) Եվրոպական Միության հիմնադրած ֆինանսական կազմակերպություն է, որն ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման աջակցությանը, ինչպես նաեւ նորաստեղծ ընկերությունների (start-ups) զարգացմանը։ Այն հանդիսանում է ԵՄ ֆինանսական կառույցների մի մաս՝ ապահովելով նորարարական եւ ռիսկային ֆինանսավորում, որը բարձրացնում է Եվրոպայի տնտեսական աճը։
EIF-ը համախմբում է մասնավոր եւ պետական հատվածները՝ նպատակ ունենալով աջակցել Եվրոպայում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունների ստեղծմանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: