Արմսվիսբանկը՝ Կանաչ Կլիմայի Հիմնադրամի կողմից հավատարմագրված կառույց

24.02.2025 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /

2025թ․ փետրվարի 18-ին Հարավային Կորեայում տեղի ունեցած Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) Խորհրդի 41-րդ տարեկան ժողովի ընթացքում Արմսվիսբանկ ՓԲԸ-ն ստացել է հավատարմագրում՝ դառնալով Հայաստանում GCF-ի կողմից հավատարմագրված առաջին եւ միակ մասնավոր կառույցը։

Արմսվիսբանկը, առաջադրվելով ՀՀ պետական լիազոր մարմինների կողմից, 2020 թվականից գտնվում էր Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրվելու գործընթացում։

Հավատարմագրման շնորհիվ բանկը ստացել է ուղիղ հասանելիություն աշխարհի խոշորագույն կլիմայական ֆինանսավորման հիմնադրամին՝ հնարավորություն ստանալով ներգրավել մինչեւ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ միջոցներ՝ Հայաստանի կլիմայական օրակարգին համապատասխան ծրագրերի ֆինանսավորման համար։

Հավատարմագրված լինելով GCF-ի կողմից՝ Արմսվիսբանկը ստանձնում է էկոլոգիապես կայուն նախագծերի ֆինանսավորման առաջամարտիկի դեր՝ աջակցելով տեղական ընկերություններին եւ կազմակերպություններին՝ իրականացնելով կանաչ ներդրումներ։ Բանկը կկենտրոնանա էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, կայուն ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ բնապահպանական նախագծերի ֆինանսավորման վրա, որոնք կնպաստեն ՀՀ կլիմայական ռազմավարության իրականացմանը։

«GCF-ն ուրախ է ողջունելու ArmSwissBank-ին՝ որպես Հիմնադրամի հավատարմագրման ցանցի ազգային ուղղակի հասանելիություն ունեցող կազմակերպություն։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի կլիմայական գործողությունների ոլորտում, որը կաջակցի Հայաստանի ցածր արտանետումներով, կլիմայական դիմակայուն եւ կայուն զարգացման արագացմանը»,- ասել է Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) գլխավոր ներդրումային պատասխանատու Հենրի Գոնսալեսը:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Գեւորգ Մաչայանն իր հերթին նշել է, որ վերջին 10 տարիներին Կանաչ եւ Կայուն ֆինանսավորումը Արմսվիսբանկի առաջնահերթություններից է եւ դարձել է ռազմավարական ուղղություն.

«2020-2022թթ․ բանկը կառավարել է GCF-ի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիրը, որը կարեւոր քայլ էր՝ հավատարմագրմանը նախապատրաստվելու եւ Հայաստանում Կանաչ ֆինանսավորման փորձը բարձրացնելու համար։ GCF-ի կողմից հավատարմագրումն ոչ միայն բանկի կայուն զարգացման ռազմավարության կարեւորագույն հանգրվանն է, այլեւ մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տնտեսության համար՝ ներգրավելու միջազգային կլիմայական ֆինանսավորման ռեսուրսներ։ Մենք հավատացած ենք, որ այս հնարավորությունը կխթանի կանաչ ներդրումները, կաջակցի տնտեսվարողներին եւ կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանը։ Օգտակարությունը կայանում է ոչ միայն մատչելի ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու մեջ, այլ նաեւ այն փաստում, որ հավատարմագրման շրջանակներում բանկը հնարավորություն կունենա ներգրավել առաջատար միջազգային փորձագետների՝ համապատասխան գործիքակազմերի մշակման եւ աշխատակիցների կարողությունների բարձրացման համար»։

«Այս ձեռքբերումը կարեւորագույն նշանակություն ունի ոչ միայն Արմսվիսբանկի, այլեւ Հայաստանի համար՝ խթանելով երկրի ջանքերը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում եւ կայուն զարգացմանն ուղղված ներդրումների ներգրավման գործում»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։

GCF-ը Փարիզի համաձայնագրի կարեւոր բաղադրիչներից է` աշխարհի խոշորագույն կլիմայական հիմնադրամը, որի առաքելությունն է աջակցել զարգացող երկրներին բարձրացնել եւ իրականացնել իրենց Ազգային  մակարդակով սահմանված գործողությունների (NDC) հավակնությունները՝ ցածր ածխածնային եւ կլիմային դիմակայուն ուղիներով։ Այս հիմնադրամի կողմից այժմ հավատարմագրված է 145 կառույց, որոնցից 17-ը՝ ռեգիոնալ, 52-ը՝ միջազգային, 76-ը՝ ազգային ընկերություն է (56-ը մասնավոր):

Դիտում՝ 5090
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW