Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը եւ կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Առաջարկվում է շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության արդյունքում ձեւավորված աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը, ֆինանսական աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով։ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: «Առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառումը, որի շրջանակում կարող են շահառու դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից։ Շահառուին նախատեսում ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե վերջինս ունենա գրանցված զբաղվածություն»,- կառավարության նիստին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ շահառուների խմբի 65%-ը 26-50 տարեկանի միջակայքում է, այսինքն՝ գտնվում է աշխատունակության ամենաակտիվ շրջանում. «Կենտրոնական բանկի եւ գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի եւ տուգանքների համար մինչեւ 80%-ի չափով զիջում կսահմանեն: Սա արդեն իրականացման փուլում կքննարկենք»:Ակնկալվում է, որ մինչեւ 2026 թ. հունվարի 31-ը թիրախային խմբի շուրջ 60%-ը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու եւ կսկսի մարել վարկային պարտավորությունները: Ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու: «Սա վարկերի ներում չէ, մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ իրենց աշխատանքի միջոցով, իրենց աշխատավարձի եկամտահարկով եւ նաեւ որոշակի ընդառաջումներով պետք է կարողանան մարել իրենց վարկը»,- ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 2382