Հայաստանի ֆոնդային բորսան եւ կենտրոնական դեպոզիտարիան այսօր հյուրընկալել են Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային՝ Հայաստանում իր պաշտոնական այցի շրջանակում։ Ֆոնդային բորսայից հայտնում են, որ այցի առանցքային նպատակներից էր ծանոթանալ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությանը, դրանց զարգացման ռազմավարություններին, ինչպես նաեւ ուսումնասիրել Հայաստանի ֆինանսական շուկայի ներուժը՝ հաշվի առնելով, որ 2022 թվականից Հայաստանի ֆոնդային բորսան մաս է կազմում Վարշավայի ֆոնդային բորսայի (GPW) խմբի։Այցի ընթացքում Անջեյ Դուդային են ներկայացվել բորսայի եւ դեպոզիտարիայի ընթացիկ գործունեությունը, հիմնական ծրագրերը եւ ապագայի տեսլականը։ Շրջայցից հետո տեղի է ունեցել փակ քննարկում՝ սահմանափակ կազմով, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ նոր հնարավորությունները եւ համագործակցության ընդլայնման հնարավոր ճանապարհները։«Վարշավայի ֆոնդային բորսայի հետ մեր գործընկերությունը խթանում է Հայաստանում ֆինանսական շուկաների միջազգային ինտեգրումն ու արդյունավետությունը։ Սա կարեւոր քայլ է հայկական կապիտալի շուկայի համար՝ Եվրոպական շուկաների լավագույն փորձի ներդրման եւ տնտեսական զարգացման խթանման ուղղությամբ»,- ասել է AMX խմբի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:«Նախագահ Դուդայի այցը ընդգծում է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների կարեւորությունը։ Լեհաստանի փորձը որպես Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը, կարող է էական դեր ունենալ Հայաստանում ֆինանսական համակարգերի զարգացման գործում։Այս այցը հատկապես կարեւոր է ֆինանսական շուկաների կայունության ապահովման եւ երկարաժամկետ տնտեսական աճի խթանման համատեքստում։Անջեյ Դուդայի այցը կարեւոր փուլ է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդման ճանապարհին՝ նշանավորելով ֆինանսական համագործակցության նոր հորիզոնները»,- ասվում է հաղորդագրությունում:2022 թվականին ՀՀ Կենտրոնական բանկը եւ Վարշավայի ֆոնդային բորսան ստորագրել են Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի պայմանագիրը։ Այս համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ նախագծեր, որոնք նպատակ ունեն ֆինանսական շուկայի զարգացման, ծառայությունների դիվերսիֆիկացման եւ եվրոպական կապիտալի շուկաներին ինտեգրվելու ուղղությամբ։ Tweet Դիտում՝ 267